Թուրքիան «Քրդական հարցում» գտնվում է անվերադառնալի կետում. Դավութօղլու
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է «Քրդական հարցի» կարգավորման շուրջ տարվող գործընթացը.
«Թուրքիան «Քրդական հարցում» գտնվում է անվերադառնալի կետում: Դա նույնն է, որ փորձես լողալով անցնել մոլեգին գետը: Մինչ այն պահը, երբ դուք հաղթահարել եք ճանապարհի կեսը, դուք հնարավորություն ունեք հետ շրջվել:
Բայց հենց դուք անցնում եք ճանապարհի կեսը, դուք ցանկանում եք հասնել մյուս ափ՝ անկախ նրանից, թե ինչեր են պահանջվում դրա համար, քանի որ վերադարձը պահանջում է էլ ավելի մեծ ժամանակ և կլինի առավել ռիսկային»:
Դավութօղլուն ընդգծել է, որ ռիսկը վերաբերում է ոչ միայն կառավարությանը, այլև՝ կազմակերպությանը՝ դրանով իսկ խուսափելով տալ դրա անունը՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցություն (PKK).
«Դժվար է վերստին զենքի դիմելը, երբ հասարակությունում աճում են խաղաղության հույսերը: Բնականաբար, ոչ ոք չի կարող ակնկալել, որ այդ գործընթացը կլինի հարթ: Սակայն եթե դուք ունակ եք տեսնել դժվարություններ, դուք հնարավորություն եք ստանում կանխել դրանք:
Հոգեբանական շեմը, որի հետ իմ կարծիքով կապված է բարդությունների 60 տոկոսը, հաղթահարված է: Ուժերի դուրս բերումն ու զենքի հանձնումն այն փուլերն են, որոնք կապված են գործընթացի իրագործման հետ: Գործընթացից հրաժարվելու արժեքը ներկայումս չափազանց բարձր կլինի բոլորի համար»: