«Ժառանգություն». Ես չեմ տեսնում, որ ԲՀԿ-ն ցանկանա պայքարել ընտրատեղամասերից դուրս կատարվող կեղծիքների դեմ

ԲՀԿ-ական Գուրգեն Գասպարյանը անհրաժեշտ է համարում ընտրակեղծիքների դեմ պայքարում համագործակցությունը քաղաքական ուժերի հետ: «Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ Երևանի ավագանու ընտրություններում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ Գ. Գասպարյանը նշեց, թե այս տարի ավելի «բուռն կերպով» պետք է պահվեն 465 ընտրատեղամասերը՝ նշելով, թե դրանք հնարավոր կլինի վերահսկել միայն միանական ուժերով:

Նրա խոսքով՝ կուսակցությունները պետք է այնպիսի մարդկանց ուղարկեն տեղամասեր, որոնք «իրականում կպահեն ձայները»: Նա նաև կոչ արեց Հայաստան ժամանած միջազգային դիտորդներին հետևողական լինել ու ուշադրությունը կենտրոնացնել ընտրատեղամասում կատարվող խախտումների վրա:

Արձագանքելով «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դանիել Իոաննեսյանի դիտարկմանը, թե ընտրախախտումներ են կատարվում նաև ԲՀԿ-ի կողմից, Գ. Գասպարյանը խնդրեց մատնանշել, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ է կատարում «Բարգավաճ Հայաստանը»:

Ի պատասխան, Դ. Իոաննեսյանն ասաց, թե ԲՀԿ-ն խախտումներ է կատարում հինականում ընտրատեղամասերից դուրս. «Ես չեմ տեսնում, որ ԲՀԿ-ն ցանկանա պայքարել ընտրատեղամասերից դուրս կատարվող կեղծիքների դեմ: Ընտրական տեղամասերում մենք կհամագործակցենք, բայց տեղամասից դուրս ես չեմ տեսնում ռեալ համագործակցության եզրեր: Համագործակցության եզրեր այդ տեսանկյունից ես տեսնում եմ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, բայց ԲՀԿ-ն, կարծես, մի կողմից նախընտրական փուլում վարում է ՀՀԿ-ին մոտ քաղաքականություն, իսկ տեղամասերի ներսում ցանկանում է քաղաքականություն վարել ընդդիմության պես: Մենք մտահոգված ենք, ու չենք կարող դաշնակիցներ լինել այս առումով»:

Կարդացեք նաև

Հակադարձելով՝ Գ. Գասպարյանը նշեց, թե ԲՀԿ-ն ընտրատեղամասից դուրս միշտ էլ պայքարի մեջ է ու տեղամասերի առջև հնարավոր կուտակումների ու մարդկանց վրա կատարվող ներազդեցությունների դեմ համարում է, որ պետք է պայքարել:

Դիմելով Իոաննեսյանին, Գասպարյանը հակադարձեց. «Ընտրակաշառքների բաժանման մասով շատ բարձրից եք խոսում՝ նման բան չկա»:

Սակայն Իոաննեսյանը հիշատակեց նախորդ ընտրությունների հետ կապված մի քանի կոնկրետ դեպքեր, երբ արձանագրվել էին ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ փաստեր: «Խոսքը տրակտորների, հիմա նաև անվճար ավտոբուսային երթուղիների մասին է: Իսկ այս ամենը անվճար ծառայություն է ընտրողին»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս