Բաժիններ՝

Boston Dynamics-ը ներկայացրել է ապագայի զինվոր-ռոբոտին (տեսանյութ)

Cnews.ru-ի փոխանցմամբ՝ Boston Dynamics ընկերությունը հրապարակել է իր PETMAN ռոբոտի մասին տեսանյութը: Ռոբոտը կրում է քիմիական նյութերից պաշտպանող հագուստ և գործնականում չի տարբերվում մարդուց:

Սկզբնական շրջանում PETMAN-ը նախատեսված է եղել հենց զինվորական հանդերձանքի փորձարկման համար: Ընդ որում, խոսքը գնում է բնական փորձերի մասին, որոնք կարող են հանգեցնել մարդու մահվանը: Օրինակ, քիմիական պաշտպանություն ունեցող հագուստի փորձարկումն իրականացվել է իրական թունավոր նյութերի գործածմամբ:

Հենց այդ նպատակով էլ PETMAN-ն առավելագույնս մոտեցվել է մարդկային կերպարանքին, նա բավական հստակ է կատարում մարդու շարժումները: Դա հատկապես կարևոր է քիմիական պաշտպանություն ունեցող հագուստի ստուգման ժամանակ, քանի որ մարտական պայմաններում քիմիական զենքի կիրառման դեպքում այնպիսի մանրուքը, ինչպիսին որ հագուստի վրա եղած անցքն է, կարող է հանգեցնել հազարավոր զինվորների մահվան:

PETMAN-ը տպավորում է իր «կենդանի պահվածքով»: Ներկայումս նա արդեն իսկ ունակ է արագ քայլել թե՛ հարթ, թե՛ խորդուբորդ տեղանքում՝ հաղթահարելով աստիճաններ, փոսեր և ոչ բարձր արգելքներ: Ուշագրավ է, որ PETMAN-ի բազայի հիման վրա ստեղծվել է նրա «դաշտային» տարբերակը՝ Atlas-ը: Վերջինս օգտագործվելու է որպես փրկարար և աշխատելու է բառացիորեն ոչ մարդկային պայմաններում՝ հրդեհի, ռադիացիոն արտահոսքի և այլ պայմաններում:

Boston Dynamics-ը ոչինչ չի հայտնել Atlas-ին որպես զինվոր օգտագործելու մասին, սակայն նրա տեխնիկական առանձնահատկությունները տալիս են այդպիսի հնարավորություն: PETMAN-ը և Atlas-ը կարող են իրենց ձեռքերում պահել մարդկանց համար նախատեսված սովորական զենք, իսկ ռոբոտն ինքը կարող է կրել ստանդարտ հանդերձանք՝ ներառյալ սաղավարտներ ու զրահաբաճկոններ:

Այս մեքենաներն ի սկզբանե կիսավտոմատ են, այսինքն ինքնուրույն կատարում են ստացած հրամանը: Այսօր առկա է ծրագրային ալգորիթմներ ստեղծելու հնարավորություն, որոնք «տերմինատորներին» կղեկավարեն մարտական պարզ պայմաններում: Մեծ հավանականություն կա, որ այս ռոբոտներն արդեն իսկ հաջորդ տասնամյակում կարող են մասնակցել հատուկ գործողությունների:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս