
ԲՀԿ-ն պարզաբանում է պահանջում Ոստիկանությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանների միջև:
Բանն այն է, որ ոստիկանները թույլ չեն տվել Գագիկ Ծառուկյանին գնալ դեպի իր մեքենայի կայանատեղի՝ ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, թե ԲՀԿ-ն սա համարում է անհասկանալի և անթույլատրելի պահվածք և ոստիկանությունից պարզաբանում է պահանջում:
«Ի՞նչ է նշանակում Ազգային անվտանգության խորհրդիի անդամին, խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժի ղեկավարին չթույլատրել անցնել այն ճանապարհով, որով անցնում են բազմաթիվ այլ պաշտոնյաները»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, թե ԲՀԿ առաջնորդը զսպված վերաբերմունք է ցուցաբերել ոստիկանության անհասկանալի պահվածքին:
ԲՀԿ մամուլի խոսնակը շեշտեց այն հանգամանքը, որ ոստիկաները որևէ բացատրություն չեն տվել Գագիկ Ծառուկյանին: