
ԲՀԿ-ի էկզոտիկ դրսևորումը. մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների և ԲՀԿ ավագանիներից ոմանց միջև: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» և ընտրողներին «մոլորության» մեջ գցելու համար:
Միևնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսևորում. թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու, ասֆալտապատում և լույս են քաշում, իսկ այն տեղերում, որոնք ՀՀԿ-ինն ու ուրիշներինն են, ոչինչ չեն անում:
Արդյունքում մի քանի մետրանոց փողոցը լուսավորվում է Պըլըպուղու կարկատած շորերի հանգույն, ժողովուրդն էլ չարանում է ԲՀԿ-ի հանդեպ:
Այս մոտեցումը Ծառուկյանն անընդունելի է համարել: Այլ խնդիրներ էլ են առաջացել: Մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, և խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլև փողային: Արաբկիրի ԲՀԿ մեր աղբյուրները կարծում են, որ էս «հարցերը մենակ Ծառուկյանը կարա լուծի»: