
Հնդկաստանը Չինաստանին մեղադրել է Հիմալայներում վիճելի տարածք զավթելու մեջ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում բողոք է հայտնել Հիմալայներում գտնվող վիճելի տարածքում չինական բանակի պահակակետի տեղակայման դեմ:
Նյու Դելին պահանջել է անհապաղ չինացի զինվորներին ու սպաներին (մոտ 15 մարդ) վերադարձնել մշտական կենտրոնացման վայր և վերականգնել մինչ այս գոյություն ունեցած ստատուս-քվոն:
Չինացի զինծառայողներն ապրիլի 15-ին հայտնվել էին հնդիկների անվանմամբ Լադակհ տեղանքում (Ջամու և Քաշմիր նահանգի հյուսիս-արևելք): Հեռավոր լեռնային այդ շրջանը փաստացիորեն բաժանված է Հնդկաստանի ու Չինաստանի միջև:
Բարձրլեռնային սառցադաշտերի պատճառով այնտեղ չի իրականացվել հստակ սահմանագծում: Նյու Դելին, սակայն, Պեկինին մեղադրում է վիճելի սահմանի հնդկական կողմում զինվորական պահակակետ տեղակայելու մեջ: Չինաստանն իր հերթին պնդում է, որ իր զինծառայողները մուտք չեն գործել հնդկական տարածք: