Բաժիններ՝

Արա Ավետիսյան. Ճարտարագիտական կրթությունն է նորարարական տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչը և շարժիչ ուժը

«Նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը չի կարող գործել առանց ճարտարագիտական կրթության, քանի որ ճարտարագիտական կրթությունն է նորարարական տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչը և շարժիչ ուժը»:

Այս մասին ապրիլի 20-21-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ ասել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին,  ռեկտորը նշել է, որ ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթությունը նոր փուլ է թևակոխում, և Հայաստանը գնում է գիտահենք տնտեսության կառուցման ճանապարհով:

«Ճարտարագիտական կրթություն. ընդհանուր և տարածաշրջանային հիմնախնդիրներ և լուծումներ» երկօրյա գիտաժողովը նվիրված էր ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը և Վանիկ Զաքարյանը, որոնց ներկայությունն առավել ընդգծեց գիտաժողովին ներկայացված զեկույցների կարևորությունն ու արդիականությունը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքում գործող երկու հանքարդյունաբերական ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի խոսքով` նման գիտական ներկայացուցչական կազմով միջոցառում երբևէ չի անցկացվել մասնաճյուղում: Նրա բնորոշմամբ` ներկայումս ճարտարագիտական կրթության առջև լուրջ մարտահրավերներ կան, և ճարտարագետ-մասնագետներ պատրաստելու խնդիրը ոչ միայն հրատապ է Երևանում, այլև տարածաշրջանային մասնաճյուղերում: « Կապանի մասնաճյուղում, ինչպես մյուս տեխնիկական հաստատություններում, լաբորատոր հագեցվածության, որակյալ կրթության անդադար կատարելագործման խնդիր կա: Սրընթաց տեմպերով զարգացող տեխնոլոգիաները բարձրագույն ճարտարագիտական կրթություն մատուցող հաստատություններին ստիպում են կանգ չառնել ձեռք բերածի վրա: Եվ այս գիտաժողովը, որին մասնակցեցին ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, մասնաճյուղի դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև` արտադրության կազմակերպիչներ, միտված էր կրթության կազմակերպման նոր ուղիների որոնմանը, առկա մասնագիտությունների բովանդակային և մեթոդական բաղադրիչների վերանայմանը, տարածաշրջանային հարցերի քննարկմանը և այլն»,-ընդգծել է Լ. Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Գիտաժողով 2Երկու օրերի ընթացքում քննարկվել են ճարտարագիտական կրթության արդի վիճակը, մարտահրավերներն ու հիմնախնդիրները, «մաթեմատիկա» և «ֆիզիկա» գիտությունների դրվածքը ճարտարագիտական բուհում, ճարտարագիտական հետազոտությունների կազմակերպման մեխանիզմներն ու աշխատանքները ՀՊՃՀ մասնաճյուղերում, հանքարդյունաբերական տնտեսության խնդիրները և դրանում Կապանի մասնաճյուղի` որպես ոլորտին կադրերով «սնող» հաստատության դերակատարումը, ինչպես նաև «բուհ-արդյունաբերություն» համագործակցության ձևաչափը` կրթություն-աշխատաշուկա համագործակցության համատեքստում:

Գիտաժողովի արդյունքներն ամփոփելիս` հնչեցված բոլոր առաջարկների վերաբերյալ կազմկոմիտեի կողմից ՀՊՃՀ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ, որոնք, բուհի ռեկտորատի ու գիտական խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներդրվեն ճարտարագիտական համալսարանի կրթական գործընթացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս