Երևանում մեկնարկել է տրանսֆերային գնագոյացման հարցերով միջազգային դասընթաց

Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության(IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 22-26-ը Երևանում մեկնարկել է «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» խորագրով երկու հաջորդական միջազգային ուսումնական դասընթաց: Եվրոպայի և ԱՊՀ 24 պետությունների հարկային մարմինների 80 փորձագետներ հայ գործընկերների հետ կքննարկեն տրանսֆերային գնագոյացման հարցերի կարգավորման իրենց երկրների փորձը:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանի հարկային ծառայությունն արդեն երրորդ տարին է, ինչ միացել է Հարկային մարմինների ներեվրոպական կառույցին, ինչը մեզ համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ հնարավորություն. «Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Ուսումնական գործընթացների բարձր արդյունավետությունը կնպաստի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը: Ակնկալում ենք, որ այս դասընթացը կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով մեր երկրներում տրանսֆերային գնագոյացման խնդիրների կարգավորման արդյունավետության բարձրացմանը»:

Տրանսֆերային գնագոյացման կանոններն արագ փոփոխվում են ամբողջ աշխարհում և այդ պատճառով հարկային մարմինները մեծ ուշադրություն են ցուցաբերում այս ոլորտին: Ակնկալվում է, որ դասընթացը հատկապես օգտակար կլինի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը ներկայում մշակում է տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իր օրենսդրությունը: Պատասխանելով լրագրողների հարցին` ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ միջոցառումը կարևոր նշանակություն ունի մեզ համար. «Տրանսֆերային գնագոյացման հարկման հիմնահարցերը կարգավորելու ուղղությամբ առաջին քայլերն ենք անում և այս միջազգային խորհրդաժողովը մեզ համար ուղղորդիչ կարող է լինել` նախանշելու ոլորտի հիմնական ուղղությունները: Մյուս կողմից էլ գործնական քննարկումները հնարավորություն կտան զինել մեր մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվել միջազգային կազմակերպությունների հարկման հարցերում»:

IOTA-ի ներկայացուցիչ Եվգենիուս Սոլդատկովասն ընդգծել է, որ այսպիսի ձևաչափով միջազգային ուսումնական դասընթաց երկրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում, ինչը հիանալի հնարավորություն է, որպեսզի կազմակերպության անդամ երկրները գործնական քննարկումների միջոցով կատարելագործեն տրանսֆերային գնագոյացման հարցերի վերաբերյալ իերնց օրենսդրությունը. «Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է նաև, որպեսզի խթանենք համագործակցությունը ՊԵԿ-ի հետ ու աջակցենք ոլորտին առնչվող օրենսդրության ստեղծմանը»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս