«Նոր Հայաստանը» միաձայն որոշմամբ միացավ ՕԵԿ-ին

«Կոնգրես»  հյուրանոցում մեկնարկած «Նոր Հայաստան» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի առաջին հարցը՝ միավորումը «Օրինաց երկիր» կուսակցությանը, որոշվեց ընդամենը 10 րոպեի ընթացքում, իսկ երկրորդ հարցի քննարկումը՝ կուսակցության գրանցումն Արդարադատության նախարարությունում, համարվեց անիմաստ: Ելույթ ունեցավ նաև ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, և համագումարն իր աշխատանքներն ավարտեց 20 րոպեում:

ՕԵԿ-ին միավորվելու որոշումը, ինչպես և սպասելի  էր, կուսակցության փոքրաթիվ պատվիրակների կողմից ընդունվեց միաձայն: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանը:  «Մենք պետք է  կարողանանք կայացնել ճիշտ որոշում և  միանալ այն թիմին, ով կբերի երկրում  փոփոխություններ, միանալ այն թիմին, որը չի վախենում ստաձնել պատասախանատվություն և միանալ այն թիմին, որը կիրականացնի այն ծրագրերը, որոնք «Նոր Հայաստանի» համար սկզբունքային են»,-իր կուսակից ընկերներին դիմեց Բաբկեն Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցությունը ստեղծվել է «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հենքի վրա, բայց Արդարադատության նախարարությունը անհիմն կերպով չի գրանցել իրենց:  Բաբկեն Հարությունյանը նշեց, որ ՕԵԿ-ի հետ միավորվելու առաջարկը եղել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից, և իրենք ընդունել են՝ հաշվի առնելով կուսակցության անցած ճանապարհը: Բ. Հարությունյանը վերհիշեց, որ 2006թ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, հակասություններ ունենալով իշխանության հետ, հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից:  «Մեզ համար գրավիչ է ՕԵԿ-ը, քանի որ բարեփոխումների կողմնակից լինելուց  բացի առաջադիմական հայացքներ ունի,  տեղն եկած տեղը ռիսկի է գնում,  բայց նաև որևէ անմիտ քայլերի չի դիմում»,-հայտարարեց Բաբկեն Հարությունյանը: Վերջինիս խոսքերով, 2008թ. Արթուր Բաղդասարյանը չմիացավ Ազատության հրապարակում կանգնած ժողովրդին, քանի որ «այդ ժողովրդին առաջնորդում  էին ինքնասիրված պատեհապաշտները»: «Ո՞ւր են այդ մարդիկ: Երբեմնի ՀԱԿ-ից բեկորներ են մնացել, փոշիացավ այդ ուժը, արդյունքում մնացին 10 զոհերը այդ մարդկանց խղճին»,-ասաց նա՝ ավելացնելով,  որ ՕԵԿ առաջնորդի քայլը, ցավոք սրտի, ըստ արժանվույն հասարակության կողմից չընկալվեց, քանի որ ընդդիմության լրատվամիջոցների կողմից սև քարոզչություն էր իրականացվում: Նա նշեց, որ ՕԵԿ-ում ևս ժողովրդավարության և տարածքային կառույցների հետ կապված խնդիրներ կան, բայց կարևորն այն է, որ ՕԵԿ ղեկավարությունն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, գիտակցում է դա:

Տեսանյութեր

Լրահոս