Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մասին. ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր վերանայի իր անցած նախագիծն ու որոշի՝ միանո՞ւմ է, թե՞ ոչ (տեսանյութ)
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի Պլազա« հյուրանոցում քաղաքացիական համաժողովի մասնակիցներին ներկայացրեց փաստաթուղթ՝ «Նոր Հայաստան շարժման հռչակագիր» անունով, որին կարող են միանալ անկուսակցականներ, քաղաքական ուժեր: 168.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքվեց՝ արդյոք ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի բացակայությունը համաժողովին ենթադրո՞ւմ է, որ քաղաքական այս ուժերը չեն միանալու հռչակագրին, ինչին ի պատասխան նա նշեց.
«Ես որևէ բան չեմ ենթադրում: Այսօր առանց հրավերի հավաք է, որն ազդարարեց Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժման մեկնարկը: Մեկ ամիս անց մենք կունենանք հստակ ու ամբողջական պատկեր: Ես ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր վերանայի իր անցած նախագիծն ու որոշի՝ միանո՞ւմ է, թե՞ ոչ»:
Մեր ճշտող հարցին՝ քաղաքական այդ ուժերի բացակայությունը չի նշանակո՞ւմ, որ նրանք փաստաթղթին չեն միանալու, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ: Հույս ունեմ, որ քանակական Հայաստանը կմիանա փաստաթղթին ու շարժմանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հատուկ հրավեր որևէ մեկին չի արել, ակնկալիքներ որևէ մեկից չունի: Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան շարժման հռչակագրին», Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ինքս հայտարարել եմ, որ շարքային մասնակից եմ այս շարժմանը և ինչ պետք է լինի այս առաջիկա մեկ ամսվա ընթացքում, պետք է լինի ժողովրդի միջոցով: Ես կլինեմ ներկա, կարտահայտեմ իմ տեսակետը, բայց ակնկալում եմ, որ կլինի լարված բանավեճ ու կազմակերպված մոտեցում, որը ժողովրդին կբերի հաղթանակ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական ուժերի, մտավորականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սպասվում են բաց ու թափանցիկ բանակցություններ, երկխոսություններ:
«Փետրվարի 18-ից հետո բանաձևը փոխվել է: Յուրաքանչյուրն իր փոքրութունից, հավակնությունից ու ամբիցիաներից պետք է դուրս գա ու հասկանա, որ միասնականության դեպքում բոլորը կարող են իրացնել մեր հաղթանակը»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ իշխանական շրջանակներում կլինեն մարդիկ, ովքեր իրենց հետագիծը վերանայելով, գուցե միանան շարժմանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: