Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե այս վստահությունն ու համախմբումը չլինի, կլինի այն, ինչ 1915 թվականին
«Գուցե պայքարի այս փուլը հեշտ չէ, դյուրին չէ, սակայն սա է, որ իրավիճակի ու ժամանակի հրամայականն է: Անադարությունը ունի ծավալ ու հետևանքներ, որոնք երբեք չեն կարող չափվել, մինչև որ արդեն ուշ է: Չուշացնեք ձեր ինքնահրաժարումը»,- այս մասին «Անի պլազա» հյուրանոցում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիմելով, իր իսկ խոսքերով՝ «Բաղրամյան համապատասխան հասցեին»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա համաժողովում առաջարկել էր «Նոր Հայաստան» քաղացիական շարժում կազմավորել՝ կոչ անելով ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր համարող ուժերին՝ անկախ նախկինում կրած մեծ ու փոքր ձախողումներից, միանալ՝ չմոռանալով, որ «այդ ձախողումների պատճառը նաև ժողովրդի կորցրած հավատի հետևանքն է»:
Նրա խոսքով, եթե այս վստահությունն ու համախմբումը չլինի, կլինի այն, ինչ 1915 թվականին: Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանեց, որ չի ուզում համեմատել այս երկու իրողությունները, բայց նշեց, որ դրանց «ցավն ընդհանուր է»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ այժմ ժամանակն է, որպեսզի քաղաքական ու քաղաքացիական ուժերն ապացուցեն, որ պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին:
«Ես ձեզ հետ միասին այլևս չեմ սպասելու հինգ տարի: Մենք պարտավոր ենք մեր հաղթանակն իրագործել ավելի շուտ: Մեր ապագան չենք հետաձգելու հինգ տարի: Մենք պետք է լինենք անկեղծ, ազնիվ, սեփական ուժերին վստահ»: