Րաֆֆի Հովհաննիսյան. Ընկանք, բայց չծնկեցինք
Քիչ առաջ «Անի պլազա» հյուրանոցում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ազգային համաժողովը: Ներկա է Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը ու պարզապես համակիրներ:
Ողջունելով ներկաներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այսօր համաժողով գալու ժամանակ Տերյան-Սայաթ-Նովա խաչմերուկում, երբ զբոսնել է որդու՝ Կարինի հետ, հանդիպել է Տիգրան Հեքեքյանի փոքրիկ երգիչներին ու իրենց ասել. «Եթե շտապում ե՞ք գնացեք ձեր ճամփով, իսկ եթե տարակուսում եք՝ այո-ի կամ ոչ-ի միջև, ընտրեք՝ այո-ն: Եվ իրենք ասացին՝ այո»:
Երգչախումբը երգեց «Բարև Հայաստան» երգը՝ ողջունելով ներկաներին:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ հանդիպման ժամանակ ելույթ կունենան այլ հռետորներ ու կներկայացվի իրենց հռչակագրի նախագիծը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, թե իրենք անցան վերելքներով ու վայրէջքներով լի ճանպարհ, հաղթահարեցին խոչընդոտներ, ընկան, բայց չծնկեցին: «Մենք միասնաբար երդվեցինք լուծարել մեր կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարեցինք, որ չենք ճանաչելու կեղծ ղեկավարներին, չենք հնազանդվելու իրենց օրենքնին, չենք ենթարկվելու, ուժ ենք տալու իրար մինչև հաղթանակ: Եվ մենք մեր երդումը չդրժեցինք ու չենք դրժելու երբեք: Մենք համոզվեցինք, որ քաղաքականության մեջ չկան ինքնաբուխ գործեր, որ ամեն քայլ պետք է ճշգրիտ կառուցված լինի ու հիմք ունենա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հատապ է դարձել կուռ միասնությամբ պայքարի նոր եղանակներ մշակելու խնդիրը, որ վարչակարգը չկարողանա ուժ կիրառել ու հաշվի նստել ժողովրդի ուժգնացող արդարացի հուզումի տարատեսակ դրսևորումների մեջ:
Նա պատասխանեց նաև Սերժ Սարգսյանիվ՝ ասելով. «Սերժ Սարգսյանը կարևոր ցուցիչ է համարել Ազատության հրապարակի քաղաքացիների քանակը: Ես իրեն կասեմ՝ դե-ֆակտո նախագահը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, կամ լավ էլ գիտի, որ այդ քանակը ամենուր է, իրավատեր է, իր ոչ մի խոսքին չհավատող ժողովուրդն է, որոնցից յուրաքանչյուրը մտովի միշտ Ազատության հրապարակում է»:
Իսկ իշխանությունը, ըստ նրա, սա չի ցանկանում գիտակցել ու շահեկան է համարում խնդրի սահմանների նեղացումը՝ ուղարկելով սադրիչներ.
«Սա է հանրային ըմբոստության դեմն առնելու իշխանության ընկալումը: Իսկ մենք սեփական փորձով համոզվեցինք, թե ինչի է ընդունակ ոստիկանական շարասյուն հանող իշխանությունը: Կազմ ու պատրաստ վիճակի էր բերված նաև մարտական զինանոցը: Այս ամենին դեմ գնալը նույնն է, ինչ կամովին տրվել նրանց սադրանքներին: Իսկ մենք չենք տրվելու: Մենք պայքարելու ենք ու պայքարի անարյուն միջոցներն այսօր բազմազան են՝ սկսած իշխանությանը նեղը գցելուց: Հերիք եղավ, թող բարի լինեն հասկանալու, ծառայել սահմանդրական կարգին կամ մեկընդմիշտ հեռանալ ասպարեզից»:
Ելնելով պայքարի մեթոդաբանությունը նոր վիճակի բերելու անհրաժեշտությունից, Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորեց Նոր Հայաստանի քաղացիական կազմավորում ձևավորելու գործընթացը:
«Հանդուրժելն անկարելի է: Մենք ունենք քրեաօլիգարխիկ համակարգ, կեղծված ընտրություններ, ադյունքում հռչակված խարխուլ իրենց հաղթանակ: Եթե այս պայքարի նոր փուլը մենք չհռչակենք, կկանգնենք փակուղու առջև: Անհետաձգելի է այն հենց ժողովրդի պահանջով, նաև իմ գործուն, համեստ ու շարքային մասնակցությամբ, ձևավորվելիք Նոր Հայաստանի համազգային պայքարը, որը կվերածվի հասարակական հզոր պայքարի»:
Ր. Հովհաննիսյանի խոսքով, ազգային միասնության ճակատի պարագայում պայքարի հայացակարգը հանրակարգային կլինի, վերկուսակցական, ավելի շուտ քաղաքացիական դաշինք, որին կարող են անդամագրվել տարբեր կուսակացականներ, այն պայմանով, որ պայքարի մղումը բարձր պետք է լինի կուսակցական շահից: