ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում չկա կոնսենսուս. Ֆյուլե
Քրդական Fırat (թարգմանաբար՝ Եփրատ) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի՝ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում չկա կոնսենսուս:
Նա հավելել է, որ այդ գործընթացը գտնվում է դեռ սկզբնամասում՝ չնայած որ երկար ժամանակ է, ինչ դրա շուրջ տարվում են բանակցություններ:
Ֆյուլեն Եվրախորհրդարանին հայտնել է, որ Թուրքիան պետք է կիսի եվրոպական արժեքները: Եվրոպական խորհրդարանը քննարկել և ընդունել է Թուրքիայի մասին ԵՄ-ի տարեկան զեկույցը:
Հիշեցնենք, որ Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:
Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը: 1998 թվականից ԵՄ-ը հրապարակում է Թուրքիայում ժողովրդավարության իրավիճակի շուրջ տարեկան զեկույցներ: