Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքներին. մամուլ
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
– Պարոն Մարգարյան, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն այս քարոզարշավի հանդիպումներին չի մասնակցում։
– Իսկ ով ասաց, որ քարոզարշավն ավարտվել է։ Կմասնակցի։ Հիմա բակային հանդիպումներ են, մենք խմբեր ենք ձևավորել։ Ծրագրում ունենք նաև ավելի մեծ միջոցառումներ, որոնց ինքը կմասնակցի։
– Հանրահավաքնե՞ր ունեք։
– Այո՛, մենք ունենք հանրահավաքների ծրագիր, օրերը կասենք։ Սրանք բակային հանդիպումներ են, պարոն Ծառուկյանը կմասնակցի ավելի մեծ մասշտաբի և համաքաղաքային հանդիպումներին։ Չկա այդպիսի բան, որ չի մասնակցելու։
– Ազատության հրապարակո՞ւմ Եք անցկացնելու այդ հանրահավաքը։
– Կարծում եմ, այո։ ճիշտն ասած ես տեղյակ չեմ, շտաբն է իրազեկման խնդիրներով զբաղվում։ Կարծում եմ, որ այնտեղ։ Ավելի լոկալ հանդիպումներ էլ կլինեն, բայց կարծում եմ, որ Ազատության հրապարակում անելու ենք։
– Գ. Ծառուկյանը միայն Ազատության հրապարակի հանրահավաքի՞ն կմասնակցի։
– Ես չեմ կարող ասել, թե որտեղ ինչպես է լինելու, դա ընթացքում կորոշվի։ Պարոն Ծառուկյանը չունի այնպիսի որոշում, որ չմասնակցի հանդիպումներին։ Նա մասնակցելու է, բայց թե որ օրը՝ որտեղ, չեմ կարող ասել։
– 2009թ. Երևանի ավագանու ընտրություններին Գ. Ծառուկյանը Հարություն Քուշկյանի հետ միասին մասնակցում էր քարոզարշավին, նրան ներկայացնում էր որպես ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու։ Այս անգամ ինչո՞ւ այդպիսի մասնակցություն չի ունենում։
– Ճիշտն ասած, չկա այդպիսի պատճառ, մենք գտնում ենք, որ և քաղաքական թիմը պիտի ներկայացնի իր ծրագիրը, և այն մարդիկ, ովքեր ընտրվելու են ավագանու անդամներ։ Նրանք պետք է համատեղ ներկայացնեն, ի վերջո՝ սա ավագանու ընտրություններ են։ Ավագանու ընտրությունների արդյունքներից նոր կորոշվի, թե քաղաքապետի ընտրությունն ինչպես է լինելու։ Այնպես որ, մենք նպատակահարմար ենք համարում, որ ովքեր մարդկանց հետ անմիջականորեն աշխատելու են, նրանք շփվեն։ Գ. Ծառուկյանը կմասնակցի մեծ հանդիպումներին։ Գ. Ծառուկյանը նախ հեռուստատեսային ելույթներով է ասել։
– Թե անցած տարվա խորհրդարանական ընտրությունների, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գ. Ծառուկյանը մեծամասնական ընտրակարգով կամ քաղաքապետի թեկնածու առաջադրված ԲՀԿ անդամներին անձամբ էր ներկայացնում։ Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրությունները պակաս կարևոր չեն։ Նա ինչո՞ւ իր ներկայությամբ չի աջակցում ԲՀԿ-ի քաղաքապետի և ավագանիների թեկնածուներին։
– Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին ներկայացնելը մի փոքր այլ է։ Հիմա մենք մեծամասնական թեկնածու չունենք։ Երևան քաղաքում կուսակցությունների ընտրությունն է, ոչ թե անձերի։
– Առավել ևս։
– Այդ դեպքում ո՞ւմ պետք էներկայացնի։
– Կուսակցությանը։
– Կուսակցությանը ներկայացրել է Ազգային ժողովում իր գործունեությամբ, ընտրողների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ։ Պարտադիր չէ, որ նա բոլոր բակերում նույն բանը ասի։
– ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե այս ընտրություններին ԲՀԿ-ն Երևանի բոլոր ընտրատեղամասերում վերահսկելու և նկարահանելու է ընտրական ողջ գործընթացը, պահելու է բոլորի քվեն։ Այնպես են հսկելու, որ բոլոր կուսակցություններին տրված քվեները պահպանվեն։ Անցած տարվա խորհրդարանական ընտրություններին նույնպես ԲՀԿ-ն նման վերահսկողություն էր կազմակերպել և ՀՀ գրեթե բոլոր ընտրատեղամասերում նկարահանման սարքեր էր տեղադրել։ Ի՞նչ Եղան այդ տեսանյութերը։ Այդ տեսանյութերում որևէ ընտրակեղծիք չէ՞ր արձանագրվել, ինչո՞ւ ԲՀԿ-ն դրանք չհրապարակեց։
– Տարբեր տեղամասերում, հատկապես շրջաններում ինչ-որ բաներ ֆիքսվել էին, այնպես չէ, որ ոչինչ չէր եղել։ Բայց ես կարծում եմ, որ դրանք այնպիսին չէին, որոնք այդ պահին էական ազդեցություն կթողնեին ընտրությունների արդյունքների վրա։ Մենք իսկապես համարում ենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր ձայներին տեր ենք կանգնել, և հիմա էլ վստահ ենք, որ տեր կկանգնենք։ Մենք վերահսկելու ենք, ամեն ինչ անելու ենք և հուսով ենք, որ դա կհաջողվի։ Եվ ոչ միայն մենք, քաղաքական համագործակցության շրջանակներում այլ քաղաքական ուժերի հետ համատեղ այս հարցը քննարկում ենք։ Եվ ես կարծում եմ, որ ընտրությունները մաքուր անցկացնելու հարցում պետք է բոլորը շահագրգիռ լինեն։ Ով շահագրգռված չի լինի՝ նրա միտքը ծուռ է։
– Եթե էական խախտումներ չէիք արձանագրել, այդ դեպքում ԲՀԿ-ն ինչո՞ւ է երբեմն բարձրաձայնում, որ ընտրությունները կեղծվել են։
– Ես պատասխանեցի այդ հարցին։ Մենք համարում ենք, որ մենք տեր ենք կանգնել մեր ձայներին, բայց չենք հավատում, որ երկրում 2, 5 մլն ընտրող կար։
– Այսինքն՝ հավելյալ ընտրողնե՞ր են եղել։
– Այդքան բան։