Բաժիններ՝

«Նախևառաջ պետք է պահանջկոտ լինենք ինքներս մեր հանդեպ»

Արամ Հաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պրոֆեսոր է, հանդիսանում է նույն համալսարանի Ճարտարագիտության բաժանմունքի դեկանը: Նա ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում՝ Բոստոն քաղաքի արվարձաններից մեկում: Կրթությունը ստացել է նախ՝ Կալիֆոռնիայում` Ստենֆորդի համալսարանում, այնուհետև պաշտպանել է դոկտորական թեզը Բոստոնում` Հարվարդի համալսարանում: Ուսումն ավարտելուց հետո մոտ 3 տարի աշխատել է ԱՄՆ-ում գործող խոշոր մի ընկերությունում՝ որպես ինժեներական խորհրդատու: 2000 թվականից Ա. Հաջյանը տեղափոխվել է Հայաստան և արդեն 5 տարի զբաղեցնում է ՀԱՀ-ում դեկանի պաշտոնը:

Ա. Հաջյանը նշում է, որ եթե 10 տարի առաջ հիմնականում Հայաստանի ամերիկյան համալսարանի բոլոր դեկաններն ապրում էին ԱՄՆ-ում, և նրանք Հայաստանում պարզապես ներկայացուցիչ կամ փոխդեկան ունեին, ով օգնում էր նրանց աշխատանքների իրականացման գործում, ապա այսօր, հատկապես՝ վերջին տարիներին, գրեթե բոլոր բաժինների ղեկավարներն ապրում են Հայաստանում: Անգամ համալսարանի ներկայիս ռեկտորն, առաջին անգամ է, որ նույնպես ապրում է Հայաստանում:

Ճարտարագիտության բաժանմունքը ստեղծվել է 22 տարի առաջ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծման ժամանակ: Համալսարանը ստեղծվել է երկրաշարժից հետո, երբ ԱՄՆ-ից և Եվրոպայից տարբեր գիտնականներ և գիտական խմբեր էին եկել Հայաստան: Այդ ժամանակ տարբեր կառույցներ համախմբվեցին, և որոշում կայացվեց՝ այստեղ բացել Հայաստանի ամերիկյան համալսարան, որի նպատակներից մեկը դառնալու էր սեյսմիկ ինժեներության ոլորտի մասնագետների պատրաստումը՝ հետագա երկրաշարժային իրավիճակներից խուսափելու համար: Համալսարանը բացվեց, և սկսեցին դասավանդել ինչպես բիզնեսի կառավարման ծրագրեր, այնպես էլ երկու տարբեր ինժեներական ոլորտների հետ կապված ծրագրեր, որոնցից մեկը հենց սեյսմիկ անվտանգության ոլորտին էր վերաբերում: Ցավոք, 1996-1997թթ. այդ ոլորտի վերաբերյալ ծրագիրը փակվեց, սակայն տարիների ընթացքում համալսարանում ավելացավ բաժինների քանակը: Ներկայումս համալսարանում գործում են 7 տարբեր՝ քաղաքագիտության, իրավաբանության, հանրային առողջապահության, մանկավարժական, բիզնեսի, համակարգչային գիտության և արդյունաբերական ինժեներության բաժինները:

Ամռանը նախատեսվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ՝ բացել 8-րդ բաժինը՝ տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրը, որի ընթացքում ուսանողներն իրենց ժամանակի մի մասը կանցկացնեն Դիլիջանում: Շուտով Հայաստանի ամերիկյան համալսարանում, իր պատմության մեջ առաջին անգամ, կբացվի նաև բակալավրիատի ծրագիրը, որտեղ կլինեն երեք տարբեր ծրագրեր՝ հաշվողական գիտությունների, բիզնեսի, ինչպես նաև անգլերենի և հաղորդակցման ծրագիրը:

Կարդացեք նաև

– Ճարտարագիտության ոլորտում այսօր ո՞ր հարցերին է ավելի մեծ տեղ տրվում: Ի՞նչ բացեր կան ոլորտում, որոնք կարող են, օրինակ, ճարտարագիտության ոլորտի շրջանավարտները լրացնել:

– Ինժեներության և տեխնոլոգիաների ոլորտներում վերջին 10 տարիներին աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ուսումնասիրելով՝ մենք ակնհայտ տեսնում ենք, որ այսօր, առավել քան երբևէ, տեխնոլոգիաների և համակարգիչների ներգրավվածությունը մեր կյանքում դառնում է ավելի ու ավելի կարևոր, իսկ դրանց ազդեցությունը գնալով ավելի է մեծանում: Կարծում եմ, նաև պատճառներից մեկը հենց դա է, որ մեր բոլոր ուսանողներն ուսումն ավարտելուց հետո աշխատանք են գտնում:

– Հայաստանո՞ւմ են աշխատանք գտնում:

– Այո, Հայաստանում: Եթե համալսարանի գործունեության առաջին տասնամյակում Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտներից շատերն արտասահմանում էին աշխատանք գտնում, ապա հիմա պատկերը հակառակն է: Նույնիսկ այն դեպքում, երբ այսօր մեր երկրում արտագաղթ կա, և այդ մասին շատ է ասվում, և շատերն աշխատանք չունենալու պատճառով մեկնում են Հայաստանից, մեր համալսարանը տալիս է ուսանողին այնպիսի կրթություն և այնպիսի գիտելիք, որի շնորհիվ նա կա՛մ աշխատանք է գտնում Հայաստանում, կա՛մ հենց ինքն է ստեղծում այդ աշխատատեղն իր համար: Վերջինը, հատկապես, կարևորում եմ, քանի որ նոր սերունդը, նոր մոտեցումների և տեխնոլոգիաների միջոցով, փորձում է արժեք ստեղծել:

Այս առումով՝ կարծում եմ, որ մոբայլ տեխնոլոգիայից սկսած՝ մինչև տվյալների վերլուծության մոտեցում, և այլն, Հայաստանն ունի ուժեղ ժառանգություն՝ տեխնոլոգիական գիտության, ֆիզիկա-մաթեմատիկայի շատ ուժեղ հիմք, որը դրվել է շատ տարիներ առաջ: Այսինքն՝ հայ ժողովուրդն ունի այնպիսի նախապատրաստական պայմաններ, որ կարող է ապագայում ավելի մեծ դեր խաղալ ընդհանուր աշխարհի տեխնոլոգիական հեղափոխության մեջ:

– Նախապատրաստական պայմաններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Այսինքն՝ Խորհրդային Միության փլուզումից հետո մեր գիտական ժառանգությունը չի՞ ոչնչացվել, ինչի մասին հաճախ բարձրաձայնվում է:

– Օրինակ, մենք ունենք ուժեղ մաթեմատիկական-վերլուծական հիմք, որը մեկ օրում չի ստեղծվում: Այսինքն՝ խոսքն այդ «շկոլա» ասվածի, գիտական ժառանգության մասին է: Մենք մեծ անհատականություններ ենք ունեցել վերջին 20-50 տարիների ընթացքում, ինչը բավականին մեծ արժեք ունի: Անշուշտ, հիմա Հայաստանում գիտության զարգացման համար կատարյալ պայմաններ չկան: Իհարկե, այսօր գիտական որոշ ուղղությունների լիարժեք զարգացման համար պահանջվում են մեծ ֆինանսական ռեսուրսներ, արտասահմանյան կապեր և ինչ-որ նախապայմաններ, բայցև այնպես չէ, որ ամեն ինչ ոչնչացված է: Կարծում եմ` ծայրահեղություններով խոսելը միշտ մի քիչ ավելի հեշտ է, քան ավելի ճշգրիտ ուսումնասիրություն կատարելը: Ինչ խոսք, գիտությունը կարող է դառնալ առաջնահերթության առումով ավելի կարևոր, քանի որ այն արժեք ստեղծող երևույթ է:

Այսօր, իհարկե, մեր հասարակության մեջ բազմաթիվ խնդիրներ կան, և կարծում եմ, որ միայն կրթությունը կարող է այդ բոլոր խնդիրների լուծումները տալ: Այդ իսկ պատճառով կրթության մեջ ներդրում կատարելը երկարաժամկետ առումով ամենաճիշտ ներդրումն է՝ ազգային շահերի տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ շատ-շատ երկրներ, որոնք ներկայումս զարգացած երկրներ են, ժամանակին՝ 10-20 կամ 50 տարի առաջ, աղքատ տնտեսական վիճակում էին, իսկ այժմ շնորհիվ որակյալ կրթության՝ այդ երկրների սոցիալ-տնտեսական պատկերը բոլորովին այլ է: Հենց այդ կրթական միջավայրերում են ստեղծվում ինժեներական, տեխնիկական և մաթեմատիկական ոլորտի մեծ ընկերությունների ցնցող գաղափարները:

Հայաստանում ևս այդ ամենը կարող է տեղի ունենալ և պետք է տեղի ունենա, դրա համար ժամանակ, ցանկություն, ուշադրություն, կամք և աշխատասիրություն է անհրաժեշտ: Պետք է նկատի ունենալ, որ այսօր դու մրցում ես աշխարհի հետ, այլևս փակ շուկա չկա, աշխարհը բաց է, և այդ մտքերը, որոնք ծնվում են աշխարհում, շատ արագ, ասես վարակիչ կերպով տարածվում են ինտերնետի կամ մարդկանց հետ կապերի միջոցով: Այլևս որևէ երկրի աշխարհագրական դիրքը և մարդու գործունեության վայրն այդքան էլ կարևոր չէ: Պարզապես լավ գաղափարների և դրանց իրականացման ժամանակաշրջան է:

– Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում այս ոլորտում, և ինչի՞ վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել:

– Նախ՝ անգլերեն լեզվի իմացությունը շատ կարևոր է: Այս առումով մեր համալսարանը կարող է իբրև անգլերեն լեզվի կրթության առաջնորդի դեր ստանձնել: Երկրորդը, որ կնշեի, դա այն է, որ տեխնոլոգիական ոլորտում կան նոր ենթաոլորտներ, օրինակ՝ խոշոր տվյալների բազաների կամ տվյալների վերլուծության ոլորտը, որը կարելի է կապել բիզնեսի տարբեր ճյուղերի հետ՝ բանկային, ֆինանսական, մարքետինգի և այլն, և նոր ու հետաքրքիր խնդիրների լուծումներ ստանալ:

Հետաքրքիր է, որ նախկինում անգամ այդ խնդիրները չէին դրվում, ուր մնաց՝ լուծումներ տրվեին այդ խնդիրներին: Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ դիրքեր գրավել կամ մասնակից դառնալ այդ ոլորտներում: Այժմ շատ կարևոր է, որ մեր կրթությունն ուղղված լինի այդ հուսալի ուղղություններին: Իհարկե, մասշտաբային հարցեր միշտ կան: Այստեղ նաև ռազմավարական հարցեր կան՝ որտե՞ղ և ի՞նչ ռեսուրսներ ներդնել, քանի որ Հայաստանը չի կարող բոլոր ոլորտներում լիդեր դառնալ աշխարհում, սակայն կարող է համաշխարհային մասշտաբում/շուկայում իր տեղը գտնել, բարձր արժեք ստեղծել և կրթությունն ուղղել արժեք ստեղծելու ուղղությամբ, որոնք էլ կկիրառվեն պետական կամ բիզնեսի տարբեր ոլորտներում՝ այդպիսով ավելի մրցունակ դառնալով ցանկացած բնագավառում: Այսինքն՝ կրթություն ու բիզնես կապը պետք է շատ ամուր լինի: Տարբեր երկրների փորձից լավագույն օրինակներ կան, թե ինչպես են կրթությունն ուղղորդել, որպեսզի այն արժեք ստեղծի ձեռներեցության առումով, այն կիրառել են կառավարության, բիզնեսի կառավարման մեջ և ավելի մրցունակ են դարձել: Այսինքն՝ այդ ամենը պետք է փոխկապակցված լինի:

Պետք է վերլուծել և պարզել, օրինակ, թե ինչո՞ւ կրթությունը չի տալիս այնպիսի շրջանավարտներ, որոնք կկարողանան մուտք գործել միջազգային շուկա և առաջ տանել հայկական լուծումներն ու հայկական ապրանքները, որոնք միջազգային շուկայում կներկայացնեն խնդիրների լուծման հայկական տարբերակը: Օրինակ՝ կրթական հաստատություններում ուսումնական պրակտիկաները չպետք է ձևական լինեն, պետք է ուսանողն իսկապես մտնի այդ ոլորտները և հասկանա, թե ինչպե՞ս պետք է ինքը վաղն այդ խնդիրների լուծումը տա: Այսինքն՝ պետք է պահանջկոտ լինենք ինքներս մեր հանդեպ: Մենք՝ բոլորս, որպես ուսանող, կամ որպես դասախոս, կամ որպես գործարար և այլն, պետք է պահանջկոտ լինենք ինքներս մեր հանդեպ, որպեսզի հասկանանք՝ որո՞նք են այդ խնդիրները, և ի՞նչ լուծումներ է պետք տալ դրանց:

Պետք չէ ինքնախաբեությամբ ասել, որ հայերը շատ այսպես են կամ շատ այնպես են. ծայրահեղությունների հետևից պետք չէ ընկնել: Պետք է պարզապես ճիշտ նայել, ճիշտ խոսել, ճիշտ գնահատել և հասկանալ՝ այլ երկրներում ի՞նչ են անում, օրինակ՝ ի՞նչ առարկաներ են սովորում, ի՞նչ որակավորումներ են ստանում, որպեսզի հետագայում աշխատանքի ընդունվեն, և այլն: Պետք է պարզել՝ որտե՞ղ ենք մենք թերանում, ո՞ր հարցերում ենք զիջում, և փորձենք լրացնել այդ բացերը: Միջազգային գլոբալիզացիայի պահանջներից մեկն է՝ համագործակցել տարբեր մշակույթների հետ: Վերջին շրջանում, օրինակ, ռուսերենը՝ որպես մասնագիտական հաղորդակցության լեզու, Հայաստանում սկսել է շատերի մոտ չօգտագործվել, սակայն, կարծում եմ, որ դա այդքան էլ լավ չէ. պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի համագործակցության առիթները շատանան:

– Առաջիկայում խոշորագույն այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են՝ Google-ը, IBM-ը, Intel-ը, ներկայացուցիչների այցն է սպասվում Հայաստան, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիլիկոնային հովտում Armtech համաժողովի ժամանակ: Նրանք գալու են գնահատելու և տեղում ծանոթանալու Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Այս առումով խնդիրներ չե՞ք տեսնում, մենք ՏՏ ոլորտի բավարար թվով կադրեր անգամ չունենք այսօր…

– Իրականում բազմաթիվ մարտահրավերներ կան՝ նրանց Հայաստան գալու և այստեղ ընդլայնվելու հետ կապված, սակայն, միևնույն ժամանակ, նման ընկերությունների Հայաստանում հայտնվելը, կարծում եմ, նաև լավ խթան կհանդիսանա ոլորտի կադրերի ավելացման համար: Օրինակ՝ երիտասարդները կտեսնեն Հայաստանում նման ընկերություններում աշխատելու հնարավորությունները: Կարծում եմ՝ այդ ամենը փոխկապակցված է: Այսինքն՝ կադրային քաղաքականության և կադրային պաշարների առումով այդ ամենը որոշակի արձագանք կունենա: Այդ ընկերություններից յուրաքանչյուրն էլ Հայաստանում գործունեություն ծավալելու դեպքում այստեղ լավ մասնագետներ կգտնի:

Նաև այն մարդիկ, ովքեր ժամանակին աշխատանք չունենալու պատճառով թողել-գնացել էին Հայաստանից, այստեղ համապատասխան աշխատանք ունենալու հնարավորության պարագայում կարող են վերադառնալ հայրենիք: Ընդ որում՝ ավելի լավ պատրաստվածությամբ և արտասահմանյան փորձառությամբ: Միևնույն ժամանակ, մենք պետք է հավատանք մեր ներկայիս կրթությանը և պահանջկոտ լինենք մեր կրթական համակարգի հանդեպ, պահանջկոտ լինենք ինքներս մեր հանդեպ, և շարունակենք այդ մասնագետներին պատրաստել: Այդ մասնագետների առկայությունն ամենագլխավոր նախապայմանն է, որպեսզի IBM-ի, Google-ի պես խոշոր ընկերությունները որոշեն մասնաճյուղ բացել Հայաստանում:

– Ձեր՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի շրջանավարտների շրջանում և՞ս նկատելի է արտագաղթի միտումը:

– Ես, արդեն 13 տարի է՝ ապրում եմ Հայաստանում և գիտեմ, որ այդ միտումները` արտասահման տեղափոխվելու հետ կապված, միշտ եղել են և կլինեն: Մեր ժողովրդի մեջ կա դա, իհարկե ոչ բոլորի մոտ, սակայն չեմ կարծում, թե մեր համալսարանի ուսանողների շրջանում այդ երևույթն ավելի բարձր միտում է գրանցել: Միևնույն ժամանակ՝ հարկ է նշել, որ հենց նմանատիպ համալսարաններն ու միջավայրերն են ինքնադրսևորման հնարավորություն տալիս, որի բացակայության պատճառով էլ հաճախ երիտասարդները մեկնում են Հայաստանից: Այսինքն՝ հենց նման միջավայրերի միջոցով կարելի է նվազեցնել երիտասարդների արտագաղթելու ցանկությունը: Աշխարհում մրցունակ դառնալը մեծ աշխատանք է պահանջում, իսկ այդ հարցում կարևոր դերակատարում ունի նաև համագործակցությունն այլ երկրների հետ՝ հայկական կրթական միջավայրը բարելավելու համար:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս