Տիգրան Խզմալյան. Հայ ժողովրդին կուռքեր պետք չեն

Հարցազրույց կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման խմբի անդամ Տիգրան Խզմալյանի հետ

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացները, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հապշտապ այցը Մոսկվա: Արդյո՞ք զարմանալի չէր նրա այցը:

– Այն, ինչը թվում էր զարմանալի, տարօրինակ,  հասկանալի է դառնում, եթե մենք փորձենք կիրառել տրամաբանական մեկ այլ համակարգ: Այն, որ մենք` հանձինս Րաֆֆու և ժողովրդական շարժման, գործ ունենք բավական բարդ համակարգի հետ, պարտավոր ենք նախևառաջ վերլուծել և հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, որպեսզի մեզ չթվա, թե կատարվում են միայն մեզ համար տարօրինակ և զարմանալի բաներ: Ես  անձամբ մեղանչում եմ: Առաջին րոպեներից ամենաբարդ, ամենածանր թվացող օրը` ապրիլի 9-ին, երբ ժամը 18:00-19:00-ը Րաֆֆի Հովհաննիսյանն իր կյանքի  ամենակարևոր օրվա ընթացքում արտաբերեց իր կյանքի, թերևս, ամենադժվար, անհասկանալի և ամենաանհաջող ճառը, ես լինելով և՛ նրա ընկերը, և՛ նրա ջատագովը, շատ նեղսրտվեցի, ինչպես նաև հազարավոր այլ մարդիկ:

Այդ պահին կողքիս կանգնած օրիորդը, որը հետո պարզվեց` լրագրող էր, հարցրեց ինձ, թե ի՞նչ է կատարվել, ինչի՞ ականատեսն ենք: Ի պատասխան դրա` ասացի, որ ցավով եմ ասում, որ մենք տեսանք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ինքնասպանությունը: Ես դա ասացի 2 պատճառով` այդ պահին տաքարյուն հոգեվիճակից ելնելով, որի բովանդակության համար չեմ զղջում, իսկ դրանից 1-2 օր անց հասկացա, որ դա քաղաքական ինքնասպանություն չէր, այլ քաղաքական զոհաբերություն էր: Այդ պահին Րաֆֆին ինչ-ինչ պատճառներով որոշակիորեն հրաժարվեց ժողովրդական առաջնորդ լինելու իր դերից, որին նա հավակնում էր 2 ամիս, և ընդունեց իր կուսակցության առաջնորդի դերը, իսկ քաղաքական զոհաբերությունն  ընտրված էր իր կուսակցության խորանին:

Կարդացեք նաև

Դա հասկանալու համար պետք է ավելի լայն նայենք իրավիճակին` ընդլայնելով մեր հայացքն Ազատության հրապարակից և անգամ Բաղրամյան պողոտայից, Ծիծեռնակաբերդից,  և պետք է կարողանանք հասկանալ, որ Հայաստանը հանդիսանում է հետխորհրդային երկրների մեջ  բախումների կծիկ հանդիսացող տարածք, և այն, ինչ կատարվում է Հայաստանում, կարող է նախադեպ դառնալ մեծ տարածաշրջանի համար: Կես տարի առաջ Հայաստանում բոլորս ականատես եղանք կուսակցական դաշտի փլուզմանը: 2008թ. մարտի 1-ից հետո կուսակցությունները մտան փակուղի և  մակերեսին մնում էին՝ շնորհիվ անցյալից եկած ինչ-որ առասպելների և ցուցանակների:

Դրանք   2012թ. աշնանը հրաժարվեցին  մտնել քաղաքական պայքարի մեջ, դուրս մնացին «նախագահական ընտրություններ» կոչվող միջոցառումից, ապացուցեցին, որ Հայաստանում չկա կուսակցություն և կուսակցական դաշտ: ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն կուսակցություն անվանելն անլուրջ է: Դա խունտայի քաղաքական թևն է: Եվ,  քանի որ բնության մեջ  դատարկություն լինել չի կարող, այդ տեղն անմիջապես լցվեց  քաղաքացիական հասարակության կողմից: Այդ օրերին կտրուկ ակտիվացան բնապահպանական և իրավապաշտպան հասարակական շարժումները՝ խմբեր, որոնք գիտակցաբար չէին դառնում կուսակցություններ: Այդպիսով, սկսեց ձևավորվել ժողովրդական շարժումը: Սա շատ վտանգավոր գործիք է աշխարհի տիրակալների համար:

Ընդլայնելով ենթատեքստը՝ նշեմ, որ վերջին օրերին Հայաստանում շրջանառության մեջ է դրվել մի հոդված, որը վերաբերում է Իսլանդիայում 2012թ. աշնանը տեղի ունեցող գործընթացների զարգացումներին, որոնք զարմանալիորեն, բայցև հասկանալի պատճառներով՝ գրեթե գաղտնի են պահվում` չլուսաբանվելով համաշխարհային ԶԼՄ-ներով: Իսլանդիայում տեղի ունեցավ ժողովրդական շարժման ապստամբություն: 2011թ. Իսլանդիան մտավ տնտեսական ճգնաժամի մեջ, և հիմնական 3 մասնավոր բանկերը սնանկացան, և որպես սնանկությունից դուրս գալու միջոց՝ կառավարությունն  առաջարկեց, որ Իսլանդիայի յուրաքանչյուր քաղաքացի ամեն ամիս  վճարի մոտ 100 եվրո գումար:

Սակայն իսլանդացիները զարմացան` հարցնելով, թե ինչո՞ւ մասնավոր բանկերի պարտքերը պետք է մարեն քաղաքացիները, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել տեղի ունեցածի հետ: Դա պատճառ դարձավ խաղաղ ապստամբություն սկսելու, դուրս  շպրտեցին Կառավարությունը, ընտրեցին խորհրդարան, որն իր հերթին՝ 9 ամսվա ընթացքում մոտ 1000 քաղաքացիների ընդգրկելով, որոնք ընտրվել էին համակարգչով, նոր սահմանադրություն գրեցին:

Այն հիմնված էր ազգային ժողովրդական սկզբունքների վրա, ինչպես, օրինակ՝ այն սկզբունքը, որ ամբողջ ընդերքը պատկանում է ժողովրդին, և այլն: Քանի որ նրանք օգտագործեցին ժողովրդավարության ամենամեծ գործիքը` հանրաքվեն, ոչ ոք չկարողացավ որևէ բանով ազդել նրանց վրա: Այդպիսով` ժողովրդական շարժումն Իսլանդիայում եկավ իշխանության: Նույնը կարող էր տեղի ունենալ Հայաստանում:

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետի համատեղ աղոթքը Ծիծեռնակաբերդում: Դուք գտնում եք, որ դա մարտիմեկյան սցենարից խուսանավելու միջո՞ց էր, և հնարավո՞ր է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կոմպրոմիսի չգնալու պատճառով  զոհեր լինեին:

– Որքան էլ սարսափելի հնչի, դա այլևս այդքան էլ էական չէ (զոհերն, իհարկե, էական են, բայց խոսքն այդ մասին չէ): Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի ճնշման տակ ընդունեց այդ որոշումը: Րաֆֆին մինչև ապրիլի 9-ը հանդես էր գալիս՝ որպես ժողովրդական, ազգային-ազատագրական շարժման քաղաքացիական հասարակության առաջնորդ, և հենց նա էր ընդգծում կուսակցական դրոշները վայր դնելու մասին: Իսկ ապրիլի 9-ին միակ հիմնական տարբերությունը, որը փոխեց շարժման ընթացքը, այն էր, որ  նա սկսեց հանդես գալ՝  որպես կուսակցության առաջնորդ:

Ջրբաժանը մեկն է այստեղ. նա ասաց, որ մասնակցելու են քաղաքապետի ընտրություններին: Դա նշանակում է, որ ժողովուրդը, դեռ դուրս չբերած նախագահական ընտրությունների մղձավանջից, համաձայնեց ընդունել հաջորդ ընտրությունների մարտահրավերը, ինչը նշանակում է, որ նա վերադարձավ համակարգի տրամաբանություն: Ես սկզբից ասացի, որ հնարավոր չէ համակարգը ներսից փոխել, պետք է մտնել  այլ համակարգի մեջ և փոխել այն, իսկ նա այլ համակարգի մեջ էր 2 ամիս շարունակ: Ապրիլի 9-ին նախագահի երդումը չտալով, այլ երդում վերցնելով մեզանից (մենք չենք զղջում, մենք տվել ենք այդ երդումը և հավատարիմ ենք դրան)` իրեն հայտարարեց նախագահ, և մենք այդպես էինք դիմում իրեն:

– Պարոն Խզմալյան, այդ օրը, եթե ուշադիր դիտեք տեսագրությունները, կնկատեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին դիմել է՝ «նախագահ» բառն օգտագործելով:

– Ամենակարևորն այն է, որ նա չի օգտագործել այդ բառն իր մասին: Խնդիրը խոսքը չէ, այլ մտնելով ուրիշ ընտրությունների մեջ` լեգիտիմացնում ենք նախորդ ընտրությունները:

– Ապրիլի 9-ին հրապարակում հավաքված մարդիկ գործողությունների ծրագիր էին պահանջում շարժման ղեկավարից: Հասարկությունը չէր ուզում գնալ տուն կամ, առավել ևս, Բաղրամյան պողոտա գնալ:  Ինչի՞ն Րաֆֆի Հովհաննիսյանը տեղի տվեց:

– Դուք ամենակարևոր բանն ասացիք, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանեց այլ կերպ: Այդ օրը, եթե հիշում եք, ժողովուրդը գոռում էր` հիմա-հիմա, այդ թվում` նաև ես: Մենք պահանջում էինք, որ նա այդ պահին ներկայացներ քաղաքական ծրագիրը, իսկ ինքը հրապարակի հարթակից այլ ձևով արձագանքեց` ասելով, թե՝ «հիմա գնանք Բաղրամյան 26»:

– Այսինքն` այդ որոշումը  կայծակնայի՞ն էր: Հասարակությունն այլ պահանջ ուներ:

– Դա անակնկալ էր հրապարակի ճնշող, ջախջախիչ մեծամասնության համար: Հասարակությունը չէր խոսում Բաղրամյան 26 գնալու մասին, այսինքն` մենք գործ ունենք կա՛մ բարեխիղճ, ողբերգական սխալի հետ, կա՛մ միտումնավոր թյուրըմբռնման, թյուր մեկնաբանության հետ: Ժողովուրդը շատ լավ հասկանում էր, որ եթե անգամ այդ ժամանակ գրավեին Բաղրամյան 26-ը, ոչինչ չէր խանգարի նույն համակարգին կես ժամ հետո իշխել, ասենք՝ Բաղրամյան 126-ից:

– Դուք քաղաքական հստակ ծրագիր տեսնո՞ւմ էիք: Գործողությունների պակաս չկա՞ր:

– Հիմա մեր սեղանին դրված է 4 էջանոց  մի ծրագիր, որը 3 տարբերակներով տրվել է Րաֆֆի Հովհաննիսյանին` 4 էջով, 300 էջով և 1 էջով` 4 պարբերությամբ: Դա տրվել էր հանրահավաքների առաջին շաբաթվա ընթացքում, որովհետև 2,5 տարի «Սարդարապատ» շարժումը, հետո արդեն՝ «Նախախորհրդարանը», մշակում են այն տեսլականը, որը պահանջում է ժողովուրդը: Դա չի ենթադրում, որ այն միակ ճանապարհային  քարտեզն է, բայց դա մի շարք խելացի մարդկանց մեծ կյանքի և մասնագիտական փորձ ունեցող մարդկանց 2,5 տարվա աշխատանքի արդյունք է, որը մենք անմիջապես առաջարկեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին:

– Իսկ ինչո՞ւ չընդունվեց ծրագիրը:

– Չընդունվեց, բայց նաև չմերժվեց:  Ծրագիրը նախատեսում էր իրավիճակից ոչ թե կուսակցական ելք, այլ հասարակական ընդհանուր ելք, որի դեպքում մենք ստանալու ենք բոլորովին այլ որակական արդյունք: Համաշխարհային ուժի կենտրոններին շատ դժվար է և գրեթե անհնար է աշխատել զանգվածների հետ, հատկապես, եթե իրենց հիմնական զենք հանդիսացող հեռուստատեսությունը չի գործում, այսինքն` Հ1-ը , ինչպես նաև՝ Հ2, Հ3 և Հ23-ը ոչ մի հեղինակություն այլևս  չունեն, իսկ այդ պահին ամենամեծ հեղինակությունն  ունի հրապարակը: Դա եղել է 88թ., 2008թ. և 2013թ.:

Մարդիկ հավատում են ոչ թե հեռուստատեսությանը, այլ կենդանի խոսքին, որ ասվում է հրապարակում: Իսկ համաշխարհային կենտրոնների համար կարևոր է, որ այդ զարգացումները բերեն մի շրջանակի մեջ, իսկ այդ շրջանակները կուսակցություններն են: Եթե հիշում եք՝ մեկ տարի առաջ Արևմուտքը որոշակի ջանքեր թափեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ստեղծելու համար, որը հենց «Ժառանգության» ցուցակով անցավ խորհրդարան:

Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց այդ նորաթուխ կուսակցության անդամին զիջեց իր սեփական մանդատը, այսինքն` կուսակցական տրամաբանության մեջ  աշխատանքը նախատեսված էր վաղուց: Դա իմպրովիզացիա չէր, և մարդիկ հենց այնպես չեն ներդնում փողեր և ջանքեր: Այստեղ մենք մոտենում ենք 3-րդ կարևոր հանգամանքին: 200 տարի շարունակ մեր երկիրը և այս տարածաշրջանը գտնվում էր միանձնյա վերահսկողության տակ: Խորհրդային երկրի փլուզումից հետո ուժերի վերաձևավորում է  տեղի ունենում` Վրաստանում դա տեղի ունեցավ 2008թ. ամռանը, և Վրաստանը շատ թանկ վճարեց դրա համար, Ադրբեջանում դա սկսվեց դեռևս 93թ., երբ հայկական աշխարհազորն անցավ հակահարձակումներին, ինչը շարունակվում է առայսօր, իսկ Հայաստանում դա տեղի է ունենում շատ դանդաղ:

Եվ դա էր պատճառը, թե ինչո՞ւ Րաֆֆին գնաց Մոսկվա: Ամենայն հավանականությամբ, մարդիկ, որոնց հետ նա վիճում էր, Մոսկվայից չէին, և նա ուներ հայ քաղաքական գործչին բնորոշ անհանգստություններ: Թեև նրա այցն անսպասելի և հանպատրաստի էր, նպատակ ուներ հանգստացնել և ասել, որ իրենք կանխատեսելի են մնում կարևորագույն հարցերում, և իր այցով նա փաստեց դա, քանի որ պարզ է, որ Մոսկվան իրեն դիտում է՝ որպես միանշանակ արևմտամետ մարդ: Դրա համար պետք է խոսել երկու կողմերի հետ: Նա անընդունելի էր մնում Ռուսաստանի համար, և այցի տրամաբանությունը հասկանալի էր դառնում, որին ժամանակին դիմեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց 2 տարվա մեջ` 2008-2010թ., մարդկանց ծովը բերելով ճահճին և ժողովրդական շարժումը սպառելով, Րաֆֆին, փաստորեն, արեց 2 ամսվա մեջ: Հայ ազգային կոնգրես շարժումը դարձավ ՀԱԿԿ կուսակցություն, իսկ դրանից առաջ էլ Հայոց համազգային շարժումն էր դարձել կուսակցություն:

– Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը նահանջե՞ց կուսակցության ստեղծմամբ:

– Նա արեց նույնը, ինչ հիմա արել է Րաֆֆի Հովհաննիսյանը` շարժման տրամաբանությունը փոխարինելով կուսակցության տրամաբանությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք գնում են բուրժուադեմոկրատական հեղափոխության: Դա ակնհայտ է, և դեռևս 1 ամիս առաջ ես ասում էի, որ մեզ սպասում է բուրժուադեմոկրատական հեղափոխություն, ինչի վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Սակայն այստեղ գալիս է ամենակարևորը, ինչով տարբերվում ենք և՛ Լևոն Տեր-Պետրոսյանից, և՛ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանից:

Այո՛, բուրժուադեմոկրատական պատմական հասարակարգն անխուսափելի է, բայց ի՞նչը կլինի ավելի շատ` բուրժուակա՞նը, թե՞ դեմոկրատականը: Եթե կուսակցական զարգացումներ լինեն, Հայաստանը դառնալու է նեոկոլոնիեստական  երկիր, հումք սպասարկող օբյեկտ: Մեր խնդիրն է` Հայաստանը դարձնել համաշխարհային քաղաքակրթության սուբյեկտ, ինչին կարելի է հասնել ժողվորդական շարժման միջոցով:

– Ընդդիմության լիդերի «տիտղոսի» պայքար տեսնո՞ւմ եք:

– Դրա համար պետք է հիշել 2009թ. ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ Սերժ Սարգսյանին: 2008-09թթ. Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնավստահ, միանձնյա՝ երկիրը տանում էր այդ զարգացմամբ, բայց նրան խանգարեց Սերժ Սարգսյանը, ով արևմտյան դեսպաններին ասաց մի պարզ բան. «Այն, ինչ դուք ակնկալում եք Լևոն Տեր-Պետրոսյանից, անելու  եմ ես»: 2009թ., կարծես, հրաշք կատարվեց, և Սերժ Սարգսյանին, ում չէին շնորհավորել, հանկարծ ընդունեց Սարկոզիին, հետո անմիջապես մեկնեց Լոնդոն, և աշխարհն իր դռները բացեց Սերժ Սարգսյանի համար: Իսկ ինչի՞ համար` Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի՞ համար. երևի՝ ոչ: Նա սկսեց հեռացնել Հայաստանը ռուսական միաբևեռ  ազդեցությունից, ինչը որոշակի հմտություններով կարողացավ անել:

– Բայց միևնույն ժամանակ՝ կախվածություն առաջացավ այդ երկրներից:

– Մեր բոլոր ղեկավարները գերադասում են կախում ունենալ ցանկացած մայրաքաղաքից, բացի մեկից` Երևանից: Եվ դա է մեր ողբերգությունը: Սերժ Սարգսյանի փոփոխությունների պոտենցիալը սպառվեց, և հիմա նա արդեն պետք չէ, և ըստ տրամաբանության` Րաֆֆին կարող էր վերցնել այդ դերը և, ուշ թե շուտ, վերցնելու է: Հիմա խնդիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆու շրջանակները կարող են իրար հրելով, նեղացնելով՝ ընդամենը վիճաբանել այդ անխուսափելի դարձած շարժումը դեպի  բուրժուադեմոկրատական զարգացումներ առաջնորդողի իրավունքի համար: Ո՞վ է լինելու` Լևո՞նը, թե՞ Րաֆֆին:

Բայց խնդիրը բոլորովին էլ դա չէ, և դրանից ոչինչ չի փոխվում: Իհարկե, կարելի է համակրել Լևոնին կամ Րաֆֆուն, բայց դա էական չէ: Երկուսն էլ գնալու են նույն ուղղությամբ, երկուսն էլ հայտնվեցին մի ճամբարում: Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանը մեծ հաշվով նույնպես գտնվում է նույն  ճամբարում, բայց նրան այլևս տեղ չեն տա: Այն, ինչ պատրաստում են Հայաստանի համար, թույլ տվեք բնորոշել մեկ բանաձևով` քֆուրի փոխարեն՝ «Կարֆուր», այսինքն` ուշունց տվող մաուզերիստների, խուլիգանների և չարչիների փոխարեն՝ կլինեն «Մակդոնալս», «Կարֆուր» և այլն: Մեզ խաբում են` ասելով՝ կամ դու մնում ես  քյաբաբ-խորովածանոցների Պռոշյան փողոցում, կամ «Կարֆուր», «Մակդոնալս»:

– Ի՞նչն է փոխվում:

– Փոխվում են տերերը: Իհարկե, կյանքի որակը որոշակիորեն փոխվում է` գները փոքր-ինչ իջնում են, ավելի մաքուր է դառնում: «Սարդարապատը» և «Նախախորհրդարանը» չեն ընդունում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, որովհետև մեր քաղաքականությունը մեկ բառով կարելի է  բնորոշել` որպես հայաստանակենտրոն քաղաքականություն: Դա գործողությունների ծրագիր է: Հիմա մենք մի քանի թայֆայինների օբյեկտ ենք, բայց մեզ պատրաստվում են դարձնել միջազգային մեծ թայֆաների օբյեկտ, որտեղ լեզուներ գիտեն, փողկապ կապել գիտեն, փոխարենը՝ «Կարֆուր» են տալիս:

– Պարոն Խզմալյան, ո՞ւր ենք գնում, ինչի՞ն ենք սպասում:

– Հավերժ հարց է` ո՞ւր ենք գնում, իսկ թե ինչի՞ն ենք սպասում` մենք ոչնչի չենք սպասում: Այստեղ խնդիրն այն է, թե ինչպե՞ս ենք հասնելու:

– Բայց գոնե գիտե՞նք՝ ո՞ւր ենք գնում, որ իմանանք՝ ինչպե՞ս հասնել:

– Բուրժուադեմոկրատական տերմինը շատ հարմար է, բայց շատ լղոզված է: «Բուրժուադեմոկրատական» հասկացության մեջ կան բուրժուական և դեմոկրատական եզրեր: Որպես «Սարդարապատ» շարժում», որպես «Նախախորհրդարան»` մենք պայքարելու ենք Հայաստանում դեմոկրատական կարգեր հաստատելու համար, այսինքն` ընդդեմ մեզ համար պատրաստվող գաղութային, հումքային կցորդի դերի և ճակատագրի: Մեր հայրենիքն օբյեկտիվ կարգավիճակից պետք է դառնա միջազգային սուբյեկտ, և պայքարը ծավալվելու է դրա համար: Մենք  ֆեոդալիզմից անցնում ենք կապիտալիզմի` մի բան, որը 1917թ. չկարողացանք անել` մաս կազմելով Ռուսաստանին:

Հիմա ոչ թե 2013թ. ապրիլն է, այլ 1917թ.: Մենք գնում ենք կապիտալիստական մի մեծ աշխարհ, որտեղ մեզ չեն սիրում, որտեղ մեկ առավելություն ունենք` որպես հայ, գործունյա ենք և տաղանդավոր: «Նախախորհրդարանը» շարունակելու է իր գործունեությունը` մոբիլիզացված պահելով հրապարակը:

– Ի վերջո, ո՞վ է լինելու լիդերը:

– Կարծում եմ` այս ամիսներին տրվեց այդ պատասխանը` ոչ ոք: Կուռքերը հերթական անգամ փլվեցին: Հայ ժողովրդին պետք չեն կուռքեր: Կուռքը ժողովուրդն է: Այս հարցին թույլ տվեք պատասխանել՝ որպես ռեժիսոր: 11-րդ դարում պարսիկ բանաստեղծ Ալհաքիմը գրել էր մի պոեմ, որ կոչվում էր «Թռչունների ժողով»: Թռչունները որոշել էին արքա կարգել իրենց, ինչպես մարդիկ և կենդանիները: Արքայական ընտրություններ սկսվեցին. ամեն մեկն առաջարկում էր իր տարբերակը` բազե, արագիլ, արծիվ, կռունկ և այլն, հետո եկավ հոպոպը և ասաց, որ իրենք ունեն արքա` Սիմուրղ, որին հասնելու համար պետք է անցնեն 7 սար և 7 ծով: Այդ ճանապարհն  անցնելով` թռչունները հասան մի տեղ, որտեղ Սիմուրղ արքայի նստավայրն էր: Սակայն այդ նստավայրը դատարկ էր, որտեղ կար մի հայելի, որի մեջ իրենք իրենց տեսան: Իսկ «սիմուրղ» պարսկերենից նշանակում է՝ «30 թռչուն»: Այսինքն` թռչունները նայելով հայելու մեջ` տեսան իրենց` որպես արքա:

– Մնում է հայելի՞ն գտնել:

– Կարծում եմ` մենք գտնվում ենք 7 սար և 7 ծով կտրելու ճանապարհին, բայց շուտով մոտենում ենք 7-րդին:

– Լավատես եք, պարոն Խզմալյան:

– Իրատես եմ: Իմ լավատեսությունը հիմնված է մեր ամբողջ պատմության վրա, այդպիսի լեզու, քաղաքակրթություն, մշակույթ ունեցող ժողովուրդը չի կարող տապալվել: Ես դրան չեմ հավատում: Հին հույները մեզնից պակաս տղերք չէին, բայց կորցրեցին սերը և հետաքրքրությունը կյանքի հանդեպ, միասեռականությունը տարածվեց, ընտանիքներ չէին կազմում, երեխաներ չէին ծնվում, և  50-70 տարվա ընթացքում քաղաքակրթությունը ձուլվեց: Հատկապես, սփյուռքի երիտասարդներն են հույս տալիս ինձ, ովքեր ապրում են մեր կյանքով: Մենք հաղթել ենք, և, եթե անգամ հիմա փորձեն լծի տակ դնել մեզ` «Կարֆուրը» փոխարինելով, և ասել, թե՝ ձերը սա է, մենք շարունակելու ենք մեր պայքարը, որովհետև մենք ավելիին ենք արժանի:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս