
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախաձեռնել է քրեական գործի հարուցում

2011թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), և այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող և, մասնավորապես, համակարգչային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ:
Ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր պայամագրով նախատեսված պայմաններով: Պայմանագրի պայմանների համաձայն, վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ ընկերություն-վաճառողը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման և այլ պայմանները:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունում, ՎՏԲ-Հայաստան Բանկի իրականացրած ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ Ավետիս Կապուտիկյանը, որը վաճառում է համակարգչային տեխնիկա ք. Երևան Գարեգին Նժդեհ 12 հասցեում և համագործակցում է Բանկի հետ, խախտել է բանկի հետ կնքված համապատասխան պայմանագիրը, և, հնարավոր է, ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ:
«Այդ կապակցությամբ և հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում, ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար» , – նշված է բանկի մամուլի հաղորդագրության մեջ: