Կենտրոնի ղեկավարի տեղակալը «Նիվա»-ով 8 մ բարձրությամբ կամրջից գլորվել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 48-ամյա Ֆայզո Օզմանյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի՝ 481 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է Աշտարակի կամրջի բետոնե հատվածին և մոտ 8 մետր բարձրությունից 20 մ ավտոմեքենայով ընկել է ցած: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը, հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը և նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Ավդոյանը:
Ըստ փորձագետի հայտարարության՝ եթե վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում կապած լիներ ամրագոտին, ապա վնասվածքները կլինեին թեթև, քանի որ ուժեղ հարված է ստացել նաև գլխի մասում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ տեղեկությունների, նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող «Շտապ գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդը նշված ՓԲԸ-ի ղեկավարի տեղակալն է: