Պռոշյանի գյուղապետի սպանության գործով նախկին կասկածյալը նորից ձերբակալվել է՝ այլ գործով
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախկին կասկածյալ Արտակ Պետրոսյանը ձերբակալվել է, սակայն այլ քրեական գործով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Նրա եղբորը՝ 31-ամյա Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Արայիկ Պետրոսյանի դեմքից և քթից, ինչպես նաև նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջևի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջևի ձախ դռան շրջանակից և պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Այդ գործով ձերբակալվել էր նաև Արտակ Պետրոսյանը, սակայն նա վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա ազատվել էր արգելանքից: Երկրորդ անգամ նա ձերբակալվել է այլ՝ խուլիգանության գործի շրջանակներում, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կրկին առնչվում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին. նրա կենդանության օրոք տեղի ունեցած միջադեպին։
Ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը, նա մահացել էր աջ քունքի շրջանում արձակած հրազենային վնասվածքից: