Ամբաստանյալը դեմ էր կաշառք տալուն
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պատասխանատուների կողմից կաշառք ստանալու գործով ամբաստանյալ Արայիկ Ֆահրադյանն այսօր դատարանում հայտնել է, որ ինքը դեմ է եղել կաշառք տալուն, որովհետև իր կնոջ որդին բավականաչափ պատրաստված էր սեփական ուժերով Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար: Եվ բացի այդ դիմորդ Էդուարդ Բարբարյանը կես տարուց պետք է զորակոչվեր բանակ:
Ըստ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ մեղադրվող Արայիկ Ֆահրադյանի ցուցմունքի, իր կինն ու դիմորդի մայրը, գործով ամբաստանյալ Արմինե Ենոքյանը համամիտ չէր իր հետ՝ հայտարարելով, որ «շուտվանից փող է հավաքել երեխայի ապագայի համար»: Կնոջ պնդմամբ, իրենք գնացել են բանկ և հանել կնոջ կողմից ի պահ տրված գումարը, սակայն որ բանկից՝ ամբաստանյալը դժվարացավ հիշել: Այն բանից հետո, երբ դիմորդն ընդունվել է Ակադեմիա՝ վճարովի համակարգով, իր կինը պնդել է, որ հետ վերցնեն 3500 դոլար կաշառքը՝ «այդ հարցերով զբաղվելու 90 տոկոսը Արմինեի հետ չեմ եղել »,- ասել է ամուսինը:
Ոստիկանություն դիմելու նախաձեռնողը նույնպես իր կինն է եղել՝ վերջինս իրեն խաբված էր զգում, որ 3500 դոլար կաշառքի գումարից 2500-ն է վերադարձվել, իսկ 1000 դոլարը՝ ոչ: Ա. Ֆահրադյանը հերքել է, թե «հանցավոր համաձայնության» է եկել կնոջ հետ, նախաքննության ընթացքում չի ցանկացել քննիչներին պատմել իր ընտանեկան տարաձայնությունների, որոնք, հակառակը, իր կնոջ հետ անհամաձայնության հետևանք էին: Նախաքննության ընթացքում դատաքննական ցուցմունքներից տարբերվող ցուցմունքներ է տվել, որովհետև քննիչներն ասում էին՝ «էական չէ, դու գործով ընդամենը վկա ես»:
Ապրիլի 19-ի դատական նիստում ցուցմունքներ կտա ամբաստանյալ, «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա»-ի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը:
Ըստ մեղադրանքի, վերջինս և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012թ ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են ակադեմիայի դիմորդ Էդուարդ Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյան և Հ. Փայասլյանը Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար: Դիմորդն ընդունվել էր Ակադեմիա վճարովի ուսուցման կարգով՝ դիմորդի ծնողների պահանջով 2500 դոլարը վերադարձվել էր: