Բախչագուլյանը պաշտոնանկ կարվի՞
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պաշտոնանկ կարվի: 168.am-ի տեղեկություններով, նրա գործունեությունից տևական ժամանակ արդեն դժգոհություններ կան նախարարությունում, և վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներում նրա ղեկավարած կառույցի վերաբերյալ հրապարակումները պատահական չեն: Այլ կերպ ասած՝ պաշտոնանկության համապատասխան հողն է նախապատրաստվում: Թե որքանո՞վ դա կարելի է կապել նաև ՀՀ գյուղնախարարի հնարավոր փոփոխության հետ՝ դժվար է ասել, սակայն հստակ է մի բան, որ նրա աշխատանքից դժգոհությունները բավական շատ են, և որոշումն արդեն կայացված է:
Հիշեցնենք, որ Աբրամ Բախչագուլյանը 2011թ. վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվեց ծառայության պետ: Մինչ այդ 2005-2011թթ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում է աշխատել, սկզբում՝ որպես հանձնաժողովի անդամ, հետո՝ նախագահի տեղակալ, այնուհետև՝ քարտուղար: