Բաժիններ՝

«Ես ժամացույց չեմ, որ ինձ լարեն և սպասեն… եթե պետք լինի՝ ես կլարեմ». Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանապետ Վլադիր Գասպարյանը, Lragir.am-ի հետ հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց երեկ պաշտոնանկ անել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին՝ հաշվի առնելով, որ վերջինս բավականին ամուր «թիկունք» ուներ, ասել է.

«Չեմ կարծում, որ դրանք լուրջ խոսակցություններ են: Ես աշխատում եմ, ինձ համար նշանակություն ունի լավ աշխատող, վատ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի մի տեղ երկար ու կարճ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի օպերատիվ իրավիճակ, ես շնչով եմ զգում օպերատիվ իրավիճակը և բնականաբար կայացնում եմ որոշումները: Հաջողվեց, թե չհաջողվեց, էդպիսի բան չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է իր և Ն. Նազարյանի միջև լարված հարաբերություններին՝ ոստիկանապետը այսպես է պատասխանել.

«Իմ հարաբերություննե՞րը: Շատ տարօրինակ հարց եմ համարում: Ինձ հետ ոչ ոք որպես կանոն չի լարում իր հարաբերությունները, հատկապես իմ ենթակաները: Ես ժամացույց չեմ, որ ինձ լարեն և սպասեն` երբ եմ զանգը տալու: Ես մարդ եմ, ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի՝ ես կլարեմ»։

Կարդացեք նաև

Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը չի բացառել, որ պաշտոնանկությունները կարող են շարունակվել։

«Որոշակի կրճատումներ կանենք կենտրոնական ապարատում, և կենտրոնի աշխատասենյակում նստածները կգնան տեղերում աշխատելու: Մեր կառուցվածքը կբերենք տրամաբանական որակի, կադրերը ճիշտ և ըստ նշանակության կօգտագործենք, իսկ դա բարեփոխումների մեջ է, մենք շուտով և կառուցվածքային, և այլ փոփոխություններ ենք անելու: Այ, այդ տեսանկյունից չի բացառվում, որ վերանայենք այս կամ այն պաշտոնի նշանակումը: Ոչինչ չի բացառվում: Ես իմ բնավորությամբ կատեգորիկ անձնավորություն չեմ, ես գիտեմ մի բան, որ ցանկացած մարդ ցանկացած վայրկյանի, հիմա վկայում եմ իմ Տիրոջը, կարող է Տիրոջ կամքով փոխվի, շտկվի: Իսկ ես ներողների տեսակն եմ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս