ՀԱԿ-ը զբաղված է քաղաքական ժուլիկությամբ. Ռուբեն Հակոբյան
Եթե ԲՀԿ-ն առաջադրեր իր թեկնածուին, ՀԱԿ-ը կա՛մ կպաշտպաներ կա՛մ կառաջադրեր իր թեկնածուին, որովհետև Հայ ազգային կոնգրեսը իր ամբողջ գործունեությունը պայմանավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառնալով ՀԱԿ համագումարին ու դրա ժամանակ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, Ռուբեն Հակոբյանն ասաց, թե ելույթի մեջ բավական լուրջ գրոտեսկային ոճ էր նկատվում, մեղադանք «Ժառանգություն» կուսակցության ու Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: ՀՀ առաջին նախագահի ելույթը Ռ. Հակոբյանը բաժանեց երեք մասի՝ գովասանք ԲՀԿ-ի հասցեին, բամբասանք Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, Երևանի ավագանու ընտրություններին հասնել բուրժուադեմոկրատական գաղափարով, որը հակասում էր Տեր-Պետրոսյանի ելույթների տրամաբանությանը:
Վերլուծելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարվա մոտեցումները՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, թե ՀԱԿ-ը նպատակադրված է իշխանափոխություն իրականացնել, իր իսկ բնորոշմամբ՝ ավազակապետության մեջ գտնվող ավազակներին իրարից բաժանելու միջոցով: Սա, ըստ պատգամավորի, քաղաքական ժուլիկություն է, ոչ թե քաղաքականություն: «Քաղաքական ժուլիկությունը սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց իրականացնել ՀՀԿ-ի միջոցով, բայց վերջինս լավագույնս օգտագործեց Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունն ու ասաց ցտեսություն, ես չեմ կարող դավադիր քայլ անել գործընկերոջս նկատմամբ: Հետո Տեր-Պետրոսյանը թեքվեց ԲՀԿ-ի միջոցով գաղափարի իրականացմանը: Կարծում եմ, որ մինչ այս պահը Գագիկ Ծառուկյանն ինքն էր կարողացել օգտագործել ՀԱԿ-ին, լավագույնս ու բավական անխնա օգտագործել է ՀԱԿ-ին ու Տեր-Պետրոսյանին, և ոչ հակառակը, իսկ դրա առհավատչյան Ազգային Ժողովի ընտրություններն էին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտությանը, թե պետք չէ քննադատել մի մարդու, ով բարիկադների վրա է գտնվում Ռուբեն Հակոբյանն ասաց. «Սրանից հետո դնել վերջակետ ու ասել, թե ինչո՞ւ չեմ միանում պայքարին, որովհետև մանկությանս երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը:
Ես կպատասխանեմ Տեր-Պետրոսյանին իր ոճով: Այն տասը զոհերը, որոնք եղան մարտի 1-ին, հավատում էին ձեզ, իսկ վճռական պահին, երբ բախումն անխուսափելի էր, պետք էր չթաքնվել չորս պատերի ներսում ու դեպի գնդակահարության ճանապարհել տասը երիտասարդներին, որոնց ծնողները այդպես էլ պատասխան չունեցան, թե ինչու գնդակահարեցին իրենց երեխաներին: Եթե դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ժողովրդին չտարավ դեպի արյուն, դա ձեր հարցն է: Գուցե դուք կցանկանայիք, որ նույն հարթության վրա դրվեր Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, բայց նրա թիմը հայտարարել է որ թույլ չի տա մարտի 1-ի կրկնությունը, արյունը»:
Ռուբեն Հակոբյանը ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտում, թիվ մեկ մեկ պառակտողը Լևոն Տեր-Պետրոսյանն է: