«Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ չէ որևէ քաղաքական քայլի». նախկին համախոհ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին օրերի գործողությունները, մասնավորապես,  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ մոմավառությունը և ապրիլի 11-ի մոսկովյան այցը վերջնականապես հիասթափեցրել են «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանին: Նա համարում է, որ ընդդիմադիր շարժումն այլևս չունի առաջնորդ:

«Ես հիասթափություն արդեն ունեցել եմ հանրահավաքների երրորդ օրվանից, հասկացա, որ այդ մարդը ոչ մի բանի պատրաստ չէ: Ես չեմ խոսում օրինազանց  գործողությունների մասին, բայց ինքը՝ որպես քաղաքական գործիչ, պատրաստ չէ որևէ քաղաքական քայլ անելուն: Իսկ այդ մոմ վառելը, չգիտեմ՝ ինչ բառով բնութագրեմ՝ թատրոն ասեմ, շոու ասեմ: Կամ Մոսկվա մեկնելը՝ դա ի՞նչ թատրոն է, ի՞նչ բեմականացում է»,-168.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը: Նա նշեց, որ այսուհետև իր ներկայությունը Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներին և այլ միջոցառումներին «տեխնիկական» բնույթ է կրելու.նա այլևս ոչ մի ակնկալիք չունի Րաֆֆի Հովհաննիսյանից և նրա թիմից: Իր ներկայությունը Սիլվա Ադամյանը պատճառաբանում է նաև այն հանգամանքով, որ  երիտասարդ բնապահպանները նույնպես մասնակցում են  այդ ակցիաներին և ինքը ցանկանում է բնապահպան ակտիվիստների կողքին լինել: Սիլվա Ադամյանը նկատեց, որ   համամիտ է այն բնորոշման հետ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը  ապրիլի 9-ին դարձավ քաղաքական դիակ: Սիլվա Ադամյանը վիրավորված  է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի թիմից: «Իր թիմը շատ թույլ է, ես այնտեղ թիմ չեմ տեսնում: Արմեն Մարտիրոսյանը մեր ջահելներին սադրիչ անվանեց և կոչ արեց ոստիկաններին նրանց բռնել, ես ի՞նչ դրական բան կարող եմ ասել այդ թիմի մասին: Այն, ինչ ես եմ տեսել, ինձ բացարձակ հունից հանում է»,-ասաց Սիլվա  Ադամյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. նախագահի ընտրություններից առաջ 168.am-ին տված հարցազրույցում բնապահպանը մեծ հավատով էր խոսում Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Քաղաքական պրոցեսներին սովորաբար ոչ ակտիվ մասնակցություն ցուցաբերող Սիլվա Ադամյանն ակտիվորեն մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցառումներին, այդ թվում և երդմնակալությանը  իսկ ապրիլի 9-ին Բաղրամյան-Դեմիրճյանի խաչմերուկում երիտասարդների (մեծ մասամբ բնապահպան ակտիվիստների) միջադեպին ներկա էր:  Սիլվա Ադամյանն իր ակտիվությունը քաղաքական պրոցեսներին  պատճառաբանում է մտահոգությամբ երկրի ճակատագրով:  Բնապահպանը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են ակտիվ պայքար մղել, թեև արդեն Րաֆֆի Հովհաննիսյանին չեն համարում առաջնորդ:

Տեսանյութեր

Լրահոս