Բնապահպանը հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Ինձ համար` որպես բնապահպանի, հոգեհարազատ է Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը, որովհետև ինքն անդրադաձել է բոլոր ոլորտներին` և հանքարդյունաբերությանը, և շրջակա միջավայրի աղտոտվածությանը, և անտառների խնդրին, և Սևանին»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը:
Նա նշեց, որ նման ծրագրով հանդես եկող թեկնածուից կարելի է ակնակալիքներ ունենալ, որ ապագայում ևս ուշադիր կլինի բնապահպանական խնդիրների հարցում: Սիլվա Ադամյանը կարծիք հայտնեց, որ ցանկության դեպքում բարձրացրած բոլոր հարցերին էլ կարելի է լուծում տալ, քանի որ Հայաստանում անլուծելի բնապահպանական խնդիրներ չկան: Ր. Հովհաննիսյանի ծրագրի մեջ, ըստ Սիլվա Ադամյանի, առաջնայինը հանքարդյունաբերությանը վերաբերող առաջարկներն են:
Մեր հարցին ի պատասխան, թե նախագահի իր թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է, Սիլվա Ադամյանը դրական պատասխան տվեց: «Ոչ թե նրա համար, որ նրան անձամբ ճանաչում եմ, այլ տեսնում եմ, որ մարդը խելքին մոտ բաներ է ասում: Ճիշտ է՝ հնարավոր է, որ այդ ամենը թղթի վրա մնա, բայց ես հավատում եմ իրեն, որ ինքը կկարողանա այդ ամենն իրագործել»,-նշեց Սիլվա Ադամյանը:
Ինչ վերաբերում է իշխող ուժի` ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին, ապա այնտեղ, Սիլվա Ադամյանի խոսքերով, բնապահպանությանն առհասարակ անդրադարձ չկա:
«Ինձ համար անհասկանալի է, որ մենք այդքան նամակներ ենք ուղարկել` և վարչապետին, և պառլամենտին, և նախագահին, բայց ինչպիսի անտարբերություն: Գոնե մի երկու տող գրեին, մի քաջալերող բան գրեին»,-ասաց բնապահպանը: Սիլվա Ադամյանի համար զարմանալի էին նաև Սերժ Սարգսյանի այն ելույթները, թե չի կարելի հանքերի շահագործումն անորոշ ժամանակով հետաձգել:
Խոսելով նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին` Սիլվա Ադամյանը նշեց, որ նրան շատ հարգում է իբրև տնտեսագետի, սակայն չի տեսնում նախագահի պաշտոնում: