ԱՄՆ շրջանային դատարանն արտոնել է թուրքական բանկերին պատասխանատվության ենթարկելը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ
Glendale News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ շրջանային դատարանի դատավորը վճռել է, որ դաշնային դատական համակարգն իրավասու է պատասխանատվության ենթարկել թուրքական բանկերին Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի հողերը զավթելու համար:
Այս որոշումը կցվել է նախորդ ամսվա վերջին դատավոր Դոլի Մ. Գիի կողմից այն հայցի մերժմանը, որը ներկայացվել է Թուրքիայի Կենտրոնական ու Գյուղատնտեսական բանկերի, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության դեմ՝ պահանջելով մոտ 65 միլիոն դոլարի փոխհատուցում:
Հայցվորներից մեկի առաջատար փաստաբան Ռաջիկա Շահը հայտարարել է, որ չնայած տվյալ հայցի մերժմանը՝ նոր որոշումը կարևոր է, քանի որ հաստատում է, որ մարդու իրավունքների խախտման շրջանակներում սեփական քաղաքացիներից ունեցվածքի զավթման դեպքում կառավարությունն ապահովագրված չէ ամերիկյան դատարաններում դատական գործընթացների մեջ ներքաշվելուց:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Լոս Անջելեսի Դաշնային դատարան երկու առանձին հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա երկու խոշոր բանկերի՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերից առգրավված կալվածքի դիմաց փոխհատուցման պահանջով:
2010 թվականի հուլիսին Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի դեմ ԱՄՆ-ում բացվել էր «Դավոյանի հայցը»: Այն նախաձեռնել էին լոսանջելեսաբնակ Գարբիս Դավոյանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը։
Դրանում Հայոց ցեղասպանության զոհերի մի խումբ ամերիկաբնակ ժառանգներ պահանջում էին միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարի սկզբին կորցրած անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։
Երկրորդ դատական գործը 2010 թվականի դեկտեմբերին հարուցվել էր երեք ամերիկահայերի՝ Ալեքս Բաքալյանի, Անաիս Հարությունյանի և Ռիտա Մահտեսյաի կողմից: Այդ հայցում նրանք պնդում էին, որ Հայոց ցեղասպանության հետևանքով իրենք զրկվել են Ադանայի նահանգում ունեցած, իրենց պապերին պատկանած 49.5 հեկտար հողատարածքից, որում այժմ գտնվում է «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան:
Հայցում պահանջվում էր 63.9 միլիոն դոլարի փոխհատուցում Ադանայում առգրավված կալվածքի համար և ևս մի քանի միլիոն դոլար՝ անցած 60 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից հայ հայցվորների ընտանիքներին պատկանող հողի վրա կառուցված ռազմավարական «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու համար կուտակված վարձավճարի և տոկոսագումարների համար:
Երբ այս երկու դատական գործերը հարուցվեցին, Թուրքիայի կառավարությունը և իր երկու բանկերը ծաղրեցին այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ԱՄՆ դատարաններն իրավունք չունեն դատելու ուրիշ կառավարությունների գործողությունները: Դատավարությունները արգելափակելու համար թուրքական կողմը հրաժարվել էր ընդունել իրավական փաստաթղթերը, որը դատական գործին ընթացք տալու առաջին քայլն է համարվում: