Ամերիկյան դատարանն իր իրավասությունից դուրս է համարել Թուրքիայի դեմ հայերի հայցի վերաբերյալ դատավճիռ կայացնելը

Թուրքական Enson Haber լրատվական կայքը, վկայակոչելով Milliyet թերթը, հայտնում է, որ Կալիֆոռնիայի դատարանն իր իրավասությունից դուրս է համարել Թուրքիայի Հանրապետության կառավարության, Ziraat (Գյուղատնտեսական) և Merkez (Կենտրոնական) բանկերի դեմ հայերի ներկայացրած հայցի վերաբերյալ դատավճիռ կայացնելը:

Ամերիկյան դատարանը դա համարել է քաղաքական հարց և իր իրավասություններից դուրս: Դատավոր Դոլի Գին հայտարարել է, որ տվյալ հարցում դատավճիռ կայացնելը կհանդիսանա դաշնային կառավարության արտաքին հարաբերությունների գործերին լուրջ միջամտություն, հետևաբար դատարանն իրավասու չէ դատավճիռ կայացնել տվյալ հայցի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Լոս Անջելեսի Դաշնային դատարան երկու առանձին հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա երկու խոշոր բանկերի՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերից առգրավված կալվածքի դիմաց փոխհատուցման պահանջով:

2010 թվականի հուլիսին Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի դեմ ԱՄՆ-ում բացվել էր «Դավոյանի հայցը»: Այն նախաձեռնել էին լոսանջելեսաբնակ Գարբիս Դավոյանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը։

Դրանում Հայոց ցեղասպանության զոհերի մի խումբ ամերիկաբնակ ժառանգներ պահանջում էին միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարի սկզբին կորցրած անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։

Երկրորդ դատական գործը 2010 թվականի դեկտեմբերին հարուցվել էր երեք ամերիկահայերի՝ Ալեքս Բաքալյանի, Անաիս Հարությունյանի և Ռիտա Մահտեսյաի կողմից: Այդ հայցում նրանք պնդում էին, որ Հայոց ցեղասպանության հետևանքով իրենք զրկվել են Ադանայի նահանգում ունեցած, իրենց պապերին պատկանած 49.5 հեկտար հողատարածքից, որում այժմ գտնվում է «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան:

Հայցում պահանջվում էր 63.9 միլիոն դոլարի փոխհատուցում Ադանայում առգրավված կալվածքի համար և ևս մի քանի միլիոն դոլար՝ անցած 60 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից հայ հայցվորների ընտանիքներին պատկանող հողի վրա կառուցված ռազմավարական «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու համար կուտակված վարձավճարի և տոկոսագումարների համար:

Երբ այս երկու դատական գործերը հարուցվեցին, Թուրքիայի կառավարությունը և իր երկու բանկերը ծաղրեցին այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ԱՄՆ դատարաններն իրավունք չունեն դատելու ուրիշ կառավարությունների գործողությունները: Դատավարությունները արգելափակելու համար թուրքական կողմը հրաժարվել էր ընդունել իրավական փաստաթղթերը, որը դատական գործին ընթացք տալու առաջին քայլն է համարվում:

Տեսանյութեր

Լրահոս