«Հին աշխարհում հղի կինը տան թագուհին է, ու նրա նկատմամբ պետք է շատ զգույշ և հոգատար վերաբերմունք ցուցաբերվի բոլորի կողմից»
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը, «Հիմալայան յոգայի կենտրոնի» հետ համատեղ, ապագա մայրերին հրավիրում է մասնակցելու «Ներդաշնակ հղիություն» ծրագրին: Հանդիպումները վարելու են հոգեբան Մարիաննա Փահլևանյանը և յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանը:
168.am-ը զրուցել է Վահագն Վարդումյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ նշանակություն և ազդեցություն կարող է յոգան ունենալ հղի կանանց վրա:
– Վահագն, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ յոգան հղի կնոջ վրա:
– Եթե յոգան կարող է օգնել կոնկրետ հիվանդություն ունեցող մարդուն, այսինքն՝ հիվանդության ժամանակ կարելի է յոգա կիրարկել, և այն կօգնի օրգանիզմը բուժել, նշանակում է, որ յոգայի մեջ հզոր, ապաքինող, կենսատու մի բան կա: Միանգամայն առողջ մարդը սկսում է յոգա կիրարկել ու դրանով կանխում է այն հնարավոր հիվանդությունների զարգացումը, որոնք հնարավոր է՝ ի հայտ գան:
Հղի կինը յուրօրինակ, ֆիզիկահոգեբանական վիճակում գտնվող էակ է: Նրան անհրաժեշտ է խնամք, որը կապված կլինի ոչ միայն կոնկրետ սննդի, հոգատարության հետ, այլև պետք է այլ բնույթ ունենա: Յոգայի հետ կապված աղբյուրներում հաճախ է հիշատակվում, որ հին աշխարհում հղի կինը տան թագուհին է, ու նրա նկատմամբ պետք է շատ զգույշ և հոգատար վերաբերմունք ցուցաբերվի բոլորի կողմից: Այս կոնտեքստում՝ յոգան՝ որպես կնոջ ինքնախնամքի ձև, խորհուրդ է տրվել և կիրարկվել նույնիսկ մինչև հղիանալը: Շատ կարևոր էր, որ կինն ու տղամարդը ճիշտ սնունդով, ֆիզիկական, մտավոր վարժանքներով իրենց նախապատրաստեին հղիությանը: Արդեն հղիության ընթացքում նրանք պետք է շարունակեին կիրարկել որոշ վարժություններ, որոնք կօգնեին գործընթացի անխաթար ընթացքին:
– Կմանրամասնե՞ք մի քանի կոնկրետ վարժություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ապագա մայրերի վրա:
– Կան վարժություններ, որոնք արյան շրջանառությունն ակտիվացնում են, կան վարժություններ, որոնք պասիվացնում են, ճնշումը բարձրացնում կամ իջեցնում են, և այլն: Բոլոր գործընթացները, որոնք կարող են լինել կանխատեսված կամ չկանխատեսված, յոգայի միջոցով ստաբիլացվում են և բալանսի մեջ են ընթանում:
Կան վարժություններ, որոնք հատկապես նպաստում են օրգանիզմի՝ թթվածնով ակտիվացմանը, որը շատ կարևոր է ապագա մանուկի առողջության համար:
– Հայ կանանց կողմից ինչպիսի՞ արձագանքներ եք լսել:
– Հնուց ի վեր յոգան կիրարկվել է հղիության ընթացքում, վերջին երկու տասնամյակում սկսել է ողջ աշխարհում ակտիվ կիրարկվել, իսկ Հայաստանում այն նոր երևույթ է: Հիմա բավական արագ տեմպերով հետաքրքրությունն աճում է: Հինգ տարի առաջվա հետ համեմատած՝ ընդհանուր յոգայի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծացել է: Վերջին մեկ տարվա ընթացքում էլ աճել է կոնկրետ հղիության ընթացքում յոգա կիրակելու նկատմամբ հետաքրքրությունը: Եղել են դեպքեր, երբ հղի կանայք են զանգահարել և ասել, որ՝ ի՜նչ լավ կլինի, եթե մեզ մոտ նմանատիպ դասընթացներ լինեն: Կամաց-կամաց պահանջարկը ծնեց առաջարկ:
– Բայց, այնուամենայնիվ, մեզանում կարծրատիպային վերաբերմունք չկա՞:
– Կա: Կարծրատիպային վերաբերմունքի պատճառով՝ հատուկենտ են դիմորդները: Հնարավոր է, որ հղի կինը ցանկանա յոգայի դասընթացների հաճախել, բայց ամուսինն ասի՝ «ի՞նչ իմանանք՝ դա ինչ է», և այլն: Շատերը չեն հասկանում, որ հղի կինը չպետք է անշարժ նստի, իրեն շարժվել է պետք, որովհետև ցանկացած օրգանիզմ առողջ է մնում այն ժամանակ, երբ նորմալ շարժվում է: Հայկական չափից դուրս հոգատարությունն իրականում կարող է նույնիսկ կնոջը և երեխային վնաս լինել:
– «Ներդաշնակ հղիություն» ծրագրի շրջանակում հոգեբանությունը համադրում եք յոգային…
– Հոգեբանական դասընթացի հետ յոգայի դասընթաց անցկացնելը շատ լավ համադրություն է: Վերլուծական զրույցները կարող են կնոջը մտավոր-հոգևոր հանգստի բերել, որը նաև ֆիզիկապես բարենպաստ կլինի, յոգան էլ ունի ներքին շատ նուրբ էներգետիկ ուղիներն արթնացնող և դրա շնորհիվ մարդուն հանդարտեցնող, առողջացնող, հիվանդությունները կանխարգելող հատկություն: Հոգեբանը կարող է ուղղորդել, նախապատրաստել հղի կնոջը, իսկ յոգայի մասնագետն՝ այնպիսի ստաբիլ առողջ ապրելակերպի վիճակ հուշել ու օգնել դրա պրակտիկ իրականացմանը, որ կստացվի ամբողջական մոտեցում: