
ԲՀԿ-ն կընդունի՞ ՀԱԿ-ի հրավերը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարին, որը տեղի կունենա ապրիլի 13-ին Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես հրավիրված է: Այս մասին 168.am-ին ասաց Երևանի ընտրություններում կուսակցության ցուցակի եռյակը եզրափակող Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես վերանված ՀՀՇ-ի թե’ դեկտեմբերին կայացած հերթական, թե’ փետրվարի արտահերթ հանագումարներին ԲՀԿ-ն հրավիրվել էր, սակայն կուսակցության ներկայացուցիչներն այդպես էլ չէին ներկայացել համագումարներին:
Չնայած այս մերժումներին, այս անգամ ևս հրավեր ուղարկվել է և չնայած մեկ օր է մնացել համագումարին, ԲՀԿ-ից խուսափում են հստակ պատասխան տալ` այս անգամ ևս կմերժե՞ն հրավերը, թե` ոչ:
168.am-ի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հստակ պատասխան չտվեցին: Տիգրան Ուրիխանյանը պատճառաբանեց, թե Հայաստանում չէ և չի կարող պատասխանել այդ հարցին, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց, թե ամբողջովին զբաղված է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավով և պրոցեսներից տեղյակ չէ: