Լյուդմիլա Սարգսյանը՝ Արմեն Մարտիրոսյանին. Վաղաժամ է ինձ սուտասան անվանելը

«Դեռ ամսի 9-ին ես վստահ էի, որ այսօրվա հանրահավաքը չի կայանալու: Եվ չի կայանալու ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդն է հիասթափվելու և չի գալու, այլ վստահ էի, որ Հովհաննիսյանն ինքն էլ չի ներկայանալու այդ հանրահավաքին»,- այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել էր ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Վերջինիս հակադարձել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ ասելով. «Բայց ինքը որտեղի՞ց գիտի, ախր: Ինքը սուտասան է, պարզագույն սուտասան է: Մի քանի հոգով երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ենք, Լյուդմիլա Սարգսյանը կարծես թե չկար, ինչքան հիշում եմ, ակնոցներն էլ աչքերս էր: Թևան Պողոսյանը երեկ նույնիսկ չի իմացել, որ Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնում: Առավոտ շուտ մի քանի հոգու հավաքել է, ասել»:

168.am-ի հարցին, թե շարունակում եք մտածել, որ այսօրվա կայանալիք հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը չի ներկայանա, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.  «Վաղաժամ է ինձ սուտասան անվանելը: Նախ՝ ես սուտ չեմ ասել, իմ կարծիքն եմ հայտնել: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի լինի: Հույս եմ փայփայում, որ կհասկանա, որ այն վստահությունը, որը ուներ ժողովուրդը, որ պայքարի արդյունքում գոնե այս անգամ ինչ-որ բան կփոխվի: Ես կարծում եմ, որ հանրահավաքին ժողովրդի մասնակցությունը պասիվ է լինելու: Չէի ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնի մի հարթակում, որտեղ ժողովրդի քանակը քիչ է լինելու: Ես ոչ թե չարակամությունից դրդված եմ ասել, երբ ասել եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի լինի, այլ տրամաբանական տեսանկյունից: Կարծում եմ, որ Արմեն Մարտիրոսյանը կոռեկտ չի գտնվել իմ նկատմամբ, բայց ներողամիտ կլինեմ, որովհետև հասկանում եմ՝ ինչ ծանր վիճակի մեջ է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս