Բաժիններ՝

Ի՞նչ է հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ի՞նչ է հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին: Եթե մի կողմ թողնենք ամեն տեսակի ենթադրություններն ու մեկնաբանությունները, ապա կարելի է ասել, որ առավել հավաստի աղբյուրներն են ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա ամենամոտ քաղաքական շրջապատը:

Իր` Մոսկվա գնալու մասին «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում` հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ` «հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը»:

«Պարոն Պուտին, դուք դարձի եք գալու, գալու եք այս հրապարակ և ողջունեք այս ժողովրդին»,- Ազատության հրապարակում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երեկ, սակայն, նրա կուսակցության հայտնի դեմքերը` Արմեն Մարտիրոսյանը և Ստեփան Սաֆարյանը, արեցին իրար հակասող հայտարարություններ. մեկը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է գնացել «մասնավոր այցով», մյուսը հակառակը` հայտարարեց, որ նախագահի նախկին թեկնածուն ՌԴ մայրաքաղաք է մեկնել այդ երկրի պաշտոնական շրջանակների հրավերով:

Այդ երկու քաղաքական գործիչների մեկնաբանությունների հակասությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինչպես հացադուլ հայտարարելիս, հանրահավաքներ, երթեր կազմակերպելիս, այնպես էլ արտասահմանյան ուղևորությունների մեկնելիս Րաֆֆի Հովհաննիսյանը որոշումներն ընդունում է միանձնյա, ոչ մեկի հետ չխորհրդակցելով և ոչ մեկին իր ծրագրերի ու մտադրությունների մասին տեղյակ չպահելով:

Ամենաընդունելին, իհարկե, Արմեն Մարտիրոսյանի բացատրությունն է` մարդը ընտանիքով գնացել է Մոսկվա իր անձնական գործերով, այստեղ հրապարակավ քննարկելու նյութ չկա: Բայց նույնիսկ այս դեպքում ապրիլի 9-ի «երդմնակալությունից» և «Նոր Հայաստան» ազդարարելուց անմիջապես հետո պետք էր հանրությանը պաշտոնապես տեղյակ պահել այդ մասնավոր այցի մասին` ասեկոսեներից և չարակամ մեկնաբանություններից խուսափելու համար:

Մնացած բոլոր տարբերակներն ավելի անհասկանալի են: Ի՞նչ է նշանակում, օրինակ, Պուտինին այցելելով «հետ բերել հայ ժողովրդի հաղթանակը»: Պուտինը, որն, ի դեպ, երեկ Ուլան-Ուդեում էր, պետք է գրավոր հավաստիացնի, որ նա սխալվե՞լ է, և Հայաստանի իրական նախագահը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր: Կամ այսօր բանավոր կհայտարարի դա Ազատության հրապարակո՞ւմ: Ժամանակը չէ՞ հրաժարվել մշուշոտ, պոետիկ ձևակերպումներից, փոխաբերական, խորհրդանշական իմաստներից և խոսել ավելի պարզ, հասկանալի լեզվով:

Երբ ինչ-որ բան ասվում է բանավոր, մանավանդ` հարթակից, էմոցիաների ազդեցության տակ, կարող է շատ գեղեցիկ և նույնիսկ բավականին տրամաբանական թվալ: Բայց երբ նույն տեքստը ձայնագրում ես, վերծանում և հանձնում ես թղթին, տպավորությունդ կարող է փոխվել: Դուք էլ փորձեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս