Ո՞վ և ինչո՞ւ կազմակերպեց Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցը. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր որդու և տիկնոջ հետ մեկնել է Մոսկվա: Պաշտոնապես հայտնեցին, որ այցը մասնավոր է:
Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Րաֆֆին մշտապես ընկալվել է որպես ամերիկյան ուղղվածության գործիչ: Եվ առաջնային հարցը, որ հետաքրքրում է բոլորին, այն է՝ ինչո՞ւ է նա մեկնել Մոսկվա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի, և ո՞վ է կազմակերպել այցը:
«Ժողովուրդի» մոսկովյան աղբյուրները փոխանցեցին, որ երեկ՝ մինչև 21:00, Ր. Հովհաննիսյանը պաշտոնական կամ քաղաքական որևէ հանդիպում չէր ունեցել: Նույն աղբյուրները բացառեցին, որ ՌԴ նախագահի աշխատակազմից հնարավոր է որևէ մեկն ընդունի Հովհաննիսյանին: Բայց որպեսզի նրա մոսկովյան օրը չկորչի, «Ժողովուրդի» տեղեկություններով, գործին խառնվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Մոսկվայից հուշեցին, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երկար տարիներ եղել է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսը և, բնականաբար, մերձ հարաբերություններ ունի Արա Աբրահամյանի հետ: Իսկ թե վերջինս ում հետ կարող է «հանդիպեցնել» Ր. Հովհաննիսյանին, առայժմ անհայտ է:
Մնաց «ինչո՞ւ» հարցի պատասխանը, որը թերևս ամենապարզն է. Ր. Հովհաննիսյանն իր այցով փորձում է ցույց տալ ՌԴ իշխանությանը, որ իր հետ ևս կարող են «աշխատել»:
Այսպիսով՝ այսօր՝ տիեզերագնացների միջազգային օրը, Ր. Հովհաննիսյանը կվերադառնա Երևան: Եվ քաղաքում պտտվող լուրերի համաձայն՝ մինչ իր ժամանումը, Ազատության հրապարակում հավաքվածներին «տիրություն կանի» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»: