Գիտության պետական կոմիտեն մինչև տարեվերջ ներկայացուցչություն կունենա «Սկոլկովոյում»
Վեց ամիս տևողությամբ նախապատրաստական աշխատանքների և բազմաթիվ քննարկումների արդյունքում վերջապես ապրիլի 4-ին Մոսկվայում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Սկոլկովո» հիմնադրամի միջև: Համաձայնագրով նախատեսվում է ընդլայնել «Սկոլկովո» հիմնադրամի և հայ գիտնականների ու գործարարների միջև համագործակցությունը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով` նոր կնքված համաձայնագրի արդյունքում նախևառաջ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն մինչև տարեվերջ ներկայացուցչություն կունենա «Սկոլկովոյում», բացի այդ, հայ գիտնականները կկարողանան այնտեղ գտնվող տարբեր հիմնադրամների հետ ոչ թե միջնորդավորված համագործակցել, այլ անմիջապես: Բացի այդ, առաջիկա 2 ամսում նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի 2013-2014թթ. համատեղ համագործակցության աշխատանքային պլանը:
Ս. Հարությունյանի խոսքով` «Սկոլկովոյի» տեխնոպարկն ունի կլաստերներ չորս ուղղություններով` Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, տիեզերագիտություն, գիտություն կյանքի մասին, և այլն, հենց այդ ուղղություններով էլ կփորձեն համակարգային աշխատանքներ իրականացնել: «Ես արդեն հանդիպել եմ, օրինակ, տիեզերք կլաստերի ղեկավարի` Սերգեյ Ժուկովի հետ, ում հետ քննարկվել է ԱՊՀ տարածքում մոտ ապագայում տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտ ստեղծելու հարցը: Խորհրդային տարիներին Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տիեզերագիտության ոլորտում կատարվող հետազոտություններին, այս առիթով Ս. Ժուկովը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան` ծանոթանալու տիեզերքի ուսումնասիրության բնագավառի Հայաստանում գործող տարբեր հաստատությունների աշխատանքին` Բյուրականի աստղադիտարան, Ֆիզիկայի ինստիտուտի կոսմիկական ճառագայթման լաբորատորիա, և այլն, այսկերպ մենք կփորձենք վերականգնել մեր հին կապերը»,- ասաց Ս. Հարությունյանը:
Ըստ Ս. Հարությունյանի՝ համագործակցության ժամանակ առաջնահերթությունը կտրվի մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի և այլ միջպետական ծրագրերի շրջանակներում իրականացվող նախագծերին: Ս. Հարությունյանի տեղեկացմամբ, 2011թ. Հայաստանում առաջին անգամ գիտական ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև մասնավոր հատվածը, որին տրամադրվեց ծրագրերի ֆինանսավորման 15 տոկոսը: 43 ծրագրից ընտրվեց 17-ը, որոնք և ֆինանսավորվեցին, դրանց ֆինանսավորումն ավարտվում է այս տարի: Ինչպես նշեց, Ս. Հարությունյանը` այդ ծրագրերը կկարողանան մասնակցել նաև «Սկոլկովո» հիմնադրամի ծրագրերին և ֆինանսավորման շարունակականություն ունենալ:
Ի դեպ, այսկերպ, վերոնշյալ համաձայնագրի արդյունքում, նախատեսվում է աջակցել Հայաստանում և Ռուսաստանում բարձր տեխնոլոգիական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, «Սկոլկովո» նորարարական կենտրոնի տարածքում ՀՀ կորպորատիվ հետազոտական կենտրոնների, կազմակերպությունների և ձեռնարկությունների տեղակայմանը, համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու աջակցմանը:
«168 ԺԱՄ»