
Տրաֆալգարի հրապարակում կարող է տեղադրվել Մարգարետ Թետչերի հուշարձանը

Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ցանկանում է մայրաքաղաքի կենտրոնում տեղակայել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուշարձանը: Այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետարանի ներկայացուցիչը.
«Քաղաքապետը կարծում է, որ բարոնուհի Թետչերն արժանի է Լոնդոնի կենտրոնում նշանավոր հուշարձան ունենալուն, որպեսզի դրանով իսկ հարգանք մատուցվի երկրի առաջ ունեցած նրա արժանիքներին»:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Թետչերի հուշարձանը կարող է տեղակայվել Տրաֆալգարի հրապարակում թափուր մնացած պատվանդանի վրա, ինչը չի բացառել անգամ Ջոնսոնը: Այդ նույն տեղն առաջարկել են նաև կառավարության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում նաև Պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը:
1841 թվականին Տրաֆալգարի հրապարակի անկյուններում կառուցվել է 4 պատվանադան: Դրանցից երեքի վրա տեղակայվել են թագավոր Գեորգ IV-ի և գեներալներ Հենրի Հեյվլոկի ու Չառլզ Ջեյմս Նապիրի հուշարձանները: Թափուր մնացած չորրորդ պատվանդանին էլ առաջարկվում է տեղակայել Մարգարետ Թետչերի հուշարձանը: