ԱՄՆ պետդեպարտամենտն ուժեղացնելու է դեսպանատների անվտանգությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեի նախագծում նախատեսվում է կրճատել պետդեպարտամենտին հատկացվող միջոցները:
Սակայն ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը մտադիր է ուժեղացնել դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահի կողմից երեկ ներկայացված բյուջեի նախագծով պետդեպարտամենտն ու միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2014 թվականին ստանալու են 47.8 միլիարդ դոլար, ինչը 6 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի ֆինանսական տարվա հետ:
Միևնույն ժամանակ պլանավորված է 5 տոկոսով ավելացնել դիվանագիտական առաքելությունների պահպանումն ապահովող ծառայողների հաստիքը, ինչպես նաև ուժեղացնել թեժ կետերում գտնվող դիվանագետների անվտանգության միջոցները: Ընդհանուր առմամբ, այդ ոլորտի ծրագրերին հատկացվելու է 4.4 միլիարդ դոլար:
Դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման հանդեպ ամերիկացիների այս հատուկ ուշադրությունը կապված է նրա հետ, որ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին (!) Լիբիայի Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա իրականացված զինված հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և ևս երեք մարդ:
Բացի այդ, նախորդ շաբաթվա վերջին Աֆղանաստանում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր Քաբուլում ԱՄՆ դեսպանատան 25-ամյա աշխատակցուհի Էնն Սմեդինգոֆը: Դա ԱՄՆ դիվանագիտական ծառայության աշխատակցի զոհվելու առաջին դեպքն է՝ նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր: