Ռոբերտ Մելքոնյան. Չափներդ անցել եք արդեն «բարև-կարմիր արևներ», ժամանակն է, որ փոխեք ձեր լկտիության ժառանգական գենը (տեսանյութ)
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածին:
«Youtube-ում նայեցի Արմեն Մարտիրոսյանի «քաջագոևծությունների» վերաբերյալ տեսահոլովակը… Հոգեխանգառմունքի նոպա՞, «գժական» քայլվածք, պահելաձև մոր և երեխայի հետ պողոտայի բանուկ մասո՞ւմ, սա ուղղակի նման է կամիկաձեի վարքագծի…
Քաղաքապետի թեկնածուն ծեծ ու ջարդո՞վ է սկսում իր քարոզարշավը, թե՞ մտածում է՝ ոստիկան ծեծելով հեշտությամբ քաղաքապետ կդառնա:
Սա նշանակում է ձեռքերը փրփուրներին գցել, սա նշանակում է սադրել, հրահրել, փորձել միջադեպ ստեղծել, լարվածություն հաղորդել, փչացնել ամեն ինչ… Փչացնել օրվա խորհուրդը, տոնական տրամադրությունը…
Ես մի քանի անգամ նշել եմ, կրկին ստիպված եմ անդրադառնալ: Ժողովրդավարությունից, օրենքների գերակայությունից, պարկեշտությունից խոսելուց բացի, բարի եղեք ինքներդ եղեք այդպիսին… Ձեր այսօրվա (խոսքը ապրիլի 9-ի մասին է:- խմբ.) «զորախաղերը», «զորաշարժերը», հետախուզական և տեղական բնույթի մարտերը լիովին պատռեցին ձեր դիմակը և ցույց տվեցին ձեր իրական դեմքը…
Արմեն Մարտիրոսյանի կազմակերպած երթը ճանապարհի բանուկ մասով, գժական շոուն, ոստիկանին խեղդամահ անելու փորձը՝ մեկնաբանության կարիք չունի: Եվ պատահական չէ, որ, իմանալով իր արարքի լրջությունն ու հնարավոր հետևանքները, նա փորձում է իր համախոհների միջոցով շեղել հանրության ուշադրությունը` տանելով այլ հարթություն, թե իբր ոստիկաններն են հրել մորը և երեխային…
Իսկ ոստիկանները ապրեն, նրանք չպատասխանեցին սադրանքին, նույնիսկ շատ մեղմ գտնվեցին…
Սա կարծես թե նախանցյալ տարվա Հանրապետության հրապարակի զառա-մարիամախոտային սցենարին է նմանվում… Նույն հիստերիկ պահվածքը, նույն անմտածված գործողություններն ու վարքը: Այս կուսակցությունը կարծես թե կրկին իր էժանագին գործելակերպին է վերադառնում…
Իսկ Րաֆֆի՞ն, իսկ Րաֆֆին արդեն մոլորվել է… Եկեղեցին պատրվակ՝ նստավայրին մոտենալու համար, ընդհարո՞ւմ Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառելուց հետո,
վիրավորական խոսքեր՝ ուղղված Վեհափառին… Սա արդեն վերջն է, սա արդեն նման է ամենաթողության…
Եվ ի՞նչ, այսպիսի կամիկաձե քաղաքապե՞տ Երևանին… Ոչ, շնորհակալ ենք, չենք ուզում…
Չափներդ անցել եք արդեն «բարև-կարմիր արևներ», ժամանակն է, որ փոխեք ձեր լկտիության ժառանգական գենը…»,- գրել է Ռոբերտ Մելքոնյանը: