Բաժիններ՝

Իշխանությունները պետք է իրենց համար որոշեն՝ իրենց պե՞տք է ընդհանրապես արտադրություն, թե՞ ոչ

Հայաստանի համար հելիոֆիկացումը, այսինքն` արևի էներգիայի զանգվածային օգտագործումը, անհրաժեշտություն է: Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահագն Համազասպյանն իր համախոհ այլ գիտնականների և ասպիրանտների հետ աշխատում է կոմբինացված հելիոհամակարգերի վրա` անընդհատ
կատարելագործելով դրանք:

Ըստ գիտնականի՝ արևի էներգիայի միջոցով կարելի է ինչպես` կերակուր պատրաստել և գյուղմթերքներ վերամշակել, այնպես էլ` տաք ջուր և ջերմային էներգիա ստանալ, անգամ արևային սրճարաններ բացել` ծովափնյա վայրերում:

Այսպես, շուրջ 20 տարի առաջ` դեռևս 1993թ. տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի «Էլեկտրոստանդարտ» ԳՀԻ տնօրեն Վահագն Համազասպյանի գլխավորությամբ մի խումբ գիտնականներ սկսեցին այս ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացնել և ստեղծեցին սարքեր, որոնք կարողանում են արևի էներգիան կենտրոնացնել մի կետում: Իր հայտնագործած սարքը, ըստ գիտնականի՝ կարող է մոտ 40-60%-ով նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը: Հենց նմանատիպ սարքերի, հելիոհամակարգերի սերիական արտադրության համար գիտականն այժմ փորձում է միջոցներ գտնել և տարածք ձեռք բերել:

«ԽՍՀՄ կոնվենցիայի հետևանքով Հայաստանի արդյունաբերական մոտ 150 խոշոր ձեռնարկություններ միանգամից կորցրին սեփական արտադրանքի իրացման և ֆինանսավորման աղբյուրները, դադարեցին աշխատել նաև քաղաքամերձ խոշոր ձեռնարկությունները, ստեղծված իրավիճակում հելիոֆիկացումը տնտեսական ճգնաժամից Հայաստանի դուրսբերման ռեալ ուղիներից մեկն է, որի մասին ես խոսում էի դեռևս 20 տարի առաջ»,- ասաց Վ. Համազասպյանը: Նրա խոսքով՝ իզուր չէ, որ արեգակնային էներգիայի զարգացումն աշխարհի խոշոր տերությունների առաջնային խնդիրներից մեկն է, որոնք այդ գործի համար հսկայական գումարներ են հատկացնում, իսկ ներդրողների համար սահմանում են աներևակայելի արտոնություններ, և այլն:

Կարդացեք նաև

Ըստ գիտնականի, օրինակ, ԱՄՆ-ը ծրագրում է 2020թ. իր էներգահաշվեկշռում նորացված էներգետիկայի բաժինը հասցնել մինչև 20%-ի, ԵՄ-ն` 30 %-ի: Այս ուղղությամբ պետական ակտիվ քաղաքականություն են վարում Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ: «Դժվար թե առաջատար պետություններն իրենց թույլ տային միայն հանուն համամարդկային բնապահպանական խնդիրների լուծման` հսկայական միջոցներ ներդնել արեգակնային էներգետիկայի զարգացման մեջ»,- ասաց Վ. Համազասպյանը:

Նա նշում է, որ դեռևս 20 տարի առաջ իրենք արեգակնային էներգետիկայի համաշխարհային շուկան շատ բարձր էին գնահատել, իսկ, օրինակ, 2008թ. Ճապոնիայում «Մեծ ութնյակի» հանդիպման ժամանակ, ինչպես ճշգրտեց այդ թիվը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արեգակնային էներգետիկայի համաշխարհային շուկան 2020թ. կկազմի 40 տրիլիոն դոլար: «Սա շուկա է, որտեղ յուրաքանչյուր պետություն կարող է իր մասնակցությունն ունենալ, փնտրել և գտնել իր տեղը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը ևս կարող է մասնակցել այս պայքարին և ինչ-որ չափաբաժին ունենալ, որը կնպաստի երկրի զարգացմանը և տնտեսության հզորացմանը»,- ասաց Վ. Համազասպյանը՝ նշելով, որ հարկավոր է պարզապես ձեռնամուխ լինել Հայաստանի, և ինչո՞ւ չէ՝ նաև Ղարաբաղի հելիոֆիկացմանը:

Գիտնականը նշում է, որ, օրինակ, գյուղատնտեսությունում հելիոտեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ոչ միայն էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրություն իրականացնել, որոնց գները, ի դեպ, զարգացած երկրներում բավական թանկ են, այլ նաև էներգախնայողություն կատարել մոտ 40-60 տոկոսով: Արդյունաբերության մեջ հելիոտեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա գիտաարտադրական լայն գործունեություն ծավալել մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, գիտական սարքաշինության ձեռնարկություններում, հատուկ հելիոտեխնիկական համակարգերի արտադրություն կազմակերպել:

«Տեխնիկապես և տեխնոլոգիապես մենք պատրաստ ենք սկսել Հայաստանի հելիոֆիկացման գործընթացը, ամեն ինչ մանրակրկիտ մտածված է, մշակված են անհատական կոմբինացված հելիոհամակարգերի մի քանի մոդելներ, որոնք արդեն հաջողությամբ տարբեր փորձարկումներ են անցել Հայաստանի տարբեր կլիմայական շրջաններում, լուծված են մի շարք կազմակերպական հարցեր, անգամ հելիոֆիկացման դրոշով և օրհներգով ենք պատրաստ»,- ասաց Վ. Համազասպյանը` միաժամանակ նշելով, թե մի շարք հարցեր ունեն Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ, քանի որ իրենք «իրավական հիմք չունեն հելիոֆիկացման համար», ուստի չեն կարող արևային համակարգերի մասսայական արտադրություն կազմակերպել: Մինչդեռ, նրա հավաստմամբ` իրենց առաջարկած DVH սերիայի հելիոհամակարգերը սպառողական ցուցանիշներով` ջերմային հզորության կվտ-ի ամենացածր գին, բարձր հուսանելիություն և այլն, աշխարհում հավասարը չունեն:

Գիտնականը նշում է, որ իրենց ստեղծած սարքով տարբեր երկրների՝ Իսրայելի, Գերմանիայի, Շվեյցարիայի գիտնականներ տեսել են և հիացմունք հայտնել, որոշ բաներ, իհարկե, նաև նրանց ցույց չեն տվել, որպեսզի նրանք չկրկնօրինակեն իրենց ստեղծածը:

Hamazaspyan

«Մենք բոլոր տեխնիկական և տեխնոլոգիական խնդիրներն արդեն վերջացրել ենք, այսօր կարող ենք սկսել այնպիսի արևային սարքերի սերիական արտադրությունը, որոնք աշխարհում իրենց նմանակը դեռևս չունեն, և այդպիսով ոչ միայն աշխատատեղերի խնդիր լուծել, այլև այդ համակարգերը կարող ենք արտահանել և մեր երկիր հսկայական գումարներ բերել: Ուղղակի պետք է իշխանությունները քաղաքական որոշում կայացնեն՝ իրենք ուզո՞ւմ են արդյունաբերությունը զարգանա Հայաստանում, թե՞ չեն ուզում»,- ասաց Վ. Համազասպյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այլ ելք չունի գոյատևելու, քան զարգացնելու արդյունաբերությունը, քանի որ Հայաստանը չունի կոմունիկացիաներ, հոսանքն ու գազը թանկ են, և չունի այն հնարավորությունները` ինչպես նավահանգիստ ունեցող երկրները, որոնք կարող են անմիջապես գործարանից իրենց արտադրանքն ուղղել նավահանգիստ:

«Մենք չունենք այդ հնարավորությունը, ինչ էլ անենք` թանկ է ստացվելու, քան դրսում, բայց այս ուղղությամբ մենք այսօր կարող ենք հաջողության հասնել և արդյունքներ ունենալ, որովհետև հետաքրքիր լուծումներ են տրված: Ուղղակի իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ իրենց պե՞տք է ընդհանրապես արտադրություն, թե՞ պետք չէ. ես այդ խնդիրը չեմ կարողանում հասկանալ»,- ասաց Վ. Համազասպյանը՝ նկատելով, թե զգացողություն ունի, թե իշխանություններն ուղղակի չեն ցանկանում, որպեսզի արդյունաբերությունը Հայաստանում զարգանա, ինչը, ըստ գիտնականի՝ երկու պատճառ կարող է ունենալ, նախ՝ դա կարող է լինել դրսի հանձնարարական, որ Հայաստանը չպետք է ունենա արդյունաբերություն, կամ՝ կա ներքին հրահանգ, որ արդյունաբերությամբ կարող են զբաղվել միայն որոշակի կատեգորիայի, դասի մարդիկ: «Ես ազատ գիտնական եմ, չունեմ ոչ մի նման հակումներ, քաղաքականության մեջ չկամ, բայց այս աշխատանքներն այն աշխատանքներն են, որոնք Հայաստանն այսօր կարող են դուրս բերել տնտեսական ճգնաժամից և նաև քաղաքական ճգնաժամից:

Երբ մենք նայում ենք մեր կյանքում տեղի ունեցող գործընթացներին` արևագաղթ, գաղջ մթնոլորտ, կաշառակերություն և ամեն ինչ, այդ ամենը գալիս է նրանից, որ չունենք աշխատանքի ռեալ, կոնկրետ աղբյուրներ, մարդիկ սոված են, և յուրաքանչյուրը փորձում է յուրովի լուծել իր անձնական, ընտանեկան խնդիրները, և առաջին հերթին` դա կաշառակերությունն է, և այլն:

Մինչդեռ, եթե մարդիկ աշխատեին և հնարավորություն ունենային իրենց ընտանիքը պահելու, չէր լինի այս գաղջ մթնոլորտը, որի դեմ փորձում են պայքարել»,- ասաց գիտնականը` նշելով, որ աշխատանք չունենալու պատճառով են մեր կյանքում առաջանում բոլոր բացասական երևույթները:

Անդրադառնալով ընտրակաշառքի երևույթին, գիտնականն ասաց, թե մարդիկ, իհարկե, դժգոհ են, և, իհարկե, պետք է դեմ դուրս գան իշխանություններին, սակայն պարզվում է, նրանք միշտ հաղթանակով են դուրս գալիս ընտրություններից, մասամբ՝ հենց նաև կաշառք տալու միջոցով:

«Կարծում եմ, իշխանություններն այժմ աշխատում են այն տրամաբանությամբ, որը հատուկ է ցածր կրթական մակարդակ ունեցող ղեկավարներին: Ես երիտասարդ տարիքում գիտնական եմ դարձել և խորհրդային տարիներին շատ կարևորագույն պաշտոններ եմ զբաղեցրել, ես ուրիշ ճանապարհ եմ տեսնում, իսկ այն, ինչ իրենք անում են, կարծում եմ՝ ուղղակի խնդիրները չլուծելու ճանապարհ է: Ավելի սխալ ձևով երկիրը տանել, քան հիմա է տարվում, պարզապես հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց Վ. Համազասպյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս պարագայում լավագույն տարբերակն այն կլինի, որ նախագահ Սերժ Սարգսյանը, օրինակ, աշխարհի տարբեր անկյուններից հավաքի բոլոր հայ գիտնականներին, տարբեր լսումներ և քննարկումներ կազմակերպի՝ տեսնելու համար այդ վիճակից դուրս գալու ճանապարհները…

«Ես որպես գիտնական` այսօր շարունակում եմ աշխատել այստեղ, իհարկե, ինձ համար ավելի ռեալ և ավելի հեշտ տարբերակներ կան, օրինակ, դրսում արտադրություն կազմակերպելու համար: Ես հայրենասեր լինելով հանդերձ՝ չեմ կարող իմ ամբողջ խմբի աշխատանքը հետաձգել այնքան, մինչև մերոնք կորոշեն տեղից շարժվել կամ, ենթադրենք՝ չխանգարել մեր աշխատանքներին: Մինչդեռ մեր աշխատանքներն այնպիսին են, որ այսօր պետք են, իսկ վաղը կարող են հնանալ և ոչ մեկին արդեն պետք չգալ»,- ասաց Վ. Համազասպյանը:

Նա նաև տեղեկացրեց, թե ներկայում բանակցություններ են ընթանում Ղազախստանում հելիոհամակարգերի արտադրություն կազմակերպելու ուղղությամբ:

Նրա փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահի խորհրդականը գտել էր իրեն, և ներկայում մտածում են այնտեղ արևային սարքերի բազային գործարան կազմակերպելու շուրջ:

Բացի այդ՝ քննարկվում են Հայաստան-Շվեյցարիա հնարավոր համագործակցության հարցերը, և շվեյցարական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորում տրամադրել, իսկ հայկական կողմը պարզապես պետք է թույլտվություն տար ծրագրին: Սակայն նա նշում է, որ այս առնչությամբ ինքը դեռևս 2012թ. դեկտեմբեր ամսին նամակ է գրել ՀՀ կառավարությանը, մինչդեռ մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: «Նամակս երևի վերցրել են ու մի կողմ են դրել»,- ասաց գիտնականը՝ նշելով, որ շվեյցարացիները զարմացել էին, թե` «այսպիսի ոսկի ունեք և չեք օգտագործում, երբ ծանոթացել էին մեր ստեղծած համակարգին»:

«Ամեն ինչ քաղաքականություն է. գործարանի աշխատողներն ասում են` հոգնել ենք արդեն չաշխատելուց, ուզում ենք աշխատենք, իսկ այն մարդիկ, ովքեր ղեկավարում են, մտածում են` գործարանի է՞լ որ ձուլակտորը կարող են վաճառել և խաշի ու խորովածի փող ստեղծել: Ուրեմն՝ կործանված է երկիրը»,- ասաց Վ. Համազասպյանը: Նրա խոսքով՝ ոչ մի գիտնական այսօր իրեն թույլ չի տա գնալ և ծառայել ինչ-որ մի օլիգարխի: «Իրենք մեզ գնահատում են մեր ունեցվածքով, մենք էլ իրենց գնահատում ենք իրենց խելքի պարունակությամբ: Եվ դրա համար էլ իրար չենք հասնում»,- ասաց նա:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս