
19-ամյա Տիգրանին սպանողը ձերբակալվել է

Ապրիլի 9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Ինչպես հայտնում է ոստիկանության կայքը, դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ապրիլի 10-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայկ Ա.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: