«Բորենիների և շակալների պես հարձակվեցին վրաս…». Արմեն Մարտիրոսյան
Երեկ երեկոյան բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դեմ վարչական վարույթ է հարուցվել: Նա ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստանալուց հետո Մարտիրոսյանը դուրս է եկել հիվանդանոցից: Ինչպես galatv.am-ին փոխանցեց Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նրան ծեծի են ենթարկել Բաղրամյան պողոտայում, ապա բերման են ենթարկել՝ հասարակական կարգը խախտելու եւ ոստիկաններին չլսելու պատճառաբանությամբ:
Նրա նկատմամբ կիրառված ոստիկանական գործողությունները Արմեն Մարտիրոսյանը բնութագրեց մեկ բառով՝ դաժանություն, ապա ասաց նաեւ, որ դրան ոչ մի խոսք ու զրույց չէր նախորդել, սկսել են օղակ անել եւ ծեծել Արմեն Մարտիրոսյանին. «Դա նրանց գործելաոճն է, բորենիների եւ շակալների պես հարձակվեցին վրաս»: Ա. Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ իրեն ծեծի ենթարկող ոստիկաններին ինքը չի ճանաչում. «Ընդեղ ես ինչքան որ հասկացա, մի հատ կարմիր բերետավոր կար, դա էր շատ ակտիվ, հայրենիքը ազատագրում էր աչքիս: Հարվածեցին հետեւից ու սկսվեց»:
Արմեն Մարտիրոսյանից հարցրինք նաեւ` ինքը տեսե՞լ է, որ այդ նույն ժամանակահատվածում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ՝ Արմենուհի Հովհաննիսյանի վիրավորվելը եւ ոտքից արյուն հոսելը:
«Ես տեսա, թե ինչպես տիկին Արմենուհին երկու անգամ գետնին ընկավ»: Ոստիկանությունում Արմեն Մարտիրոսյանին պահել են երկու ժամ: Նրան ասել են, որ բերման էին ենթարկել հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանների հրամանները չլսելու համար:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր մյուս կուսակցությունների գործելաոճը ապրիլի 9-ին, Ա. Մարտիրոսյանն արձագանքեց. «Արդեն ժամանակը ապացուցել է՝ ով է ուղղակի մարդկանց շահերը ներկայացնում եւ պայքարում, եւ ով՝ ոչ: Բացարձակ տարօրինակ չէր, նրանք ուզում են, որ Ժառանգությունը չլինի քաղաքական դաշտում, իրանց խնդիրը դա է եւ ոչ թե ժողովրդի շահերը պաշտպանելը»:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ընդդիմության եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ կոտրվել է Մարտիրոսյանի քիթը, նա նաեւ այլ մարմնական վնասվածքներ է ստացել:
Մարտիրոսյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը, ինչը պատժվում է տուգանքով: Միաժամանակ, Արմեն Մարտիրոսյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդագրության է ներկայացրել ոստիկանություն` Մարտիրոսյանին ծեծի ենթարկողին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: