Ղեկավարե՞լ, թե՞ ղեկվարվել ժողովրդի կողմից. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երեկվա խայտաբղետ իրադարձությունները դասակարգելը շատ դժվար գործ է: Մի կողմից որպես ֆոն՝ նախագահի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, մենք՝ «ոչ պաշտոնական» լրագրողներս, չհասցրինք մանրամասն հետևել: Նյութը չափից դուրս «ոչ էքսկլյուզիվ» էր, ամեն ինչ նախապատրաստված էր ու կանխորոշված՝ չկային հանպատրաստից քայլեր ու իմպրովիզացիաներ:
Փոխարենը իմպրովիզացիաները շատ էին ընդդիմության ճամբարում՝ երդում, երթ, համերգ, կրկին երթ, երեկոյան աղոթք և այլն: Եվ այդ ընթացքում բախումներ ոստիկանության հետ, նստացույցեր, կոտրված քթեր (այդ թվում՝ նորից Արմեն Մարտիրոսյանի). տատանումներ՝ Բաղրամյան 26 գնալու և չգնալու միջև, Ծիծեռնակաբերդ գնալու հախուռն որոշում և այլն:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր մարդկանց «նոր Հայաստանի երդմնակալությանը»: Դրական է, անշուշտ, որ նա իրեն չհռչակեց Հայաստանի նախագահ, ինչը կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների համար լայնամասշտաբ բռնաճնշումների համար:
Երդման տեքստն արտասանելը և ներկաներին կրկնել տալը բավականին հաջող մտահղացում էր, սակայն տեքստը երկար էր, և երդման երկրորդ կեսն արտասանվում էր առանց էնտուզիազմի:
Մնացած գործողությունները, հավանաբար, նախօրոք պլանավորված չէին: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ոճն է. քանի որ շարժումը ժողովրդական է, նա պիտի ենթարկվի «ժողովրդի կամքին»: Իմ տպավորությամբ՝ Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում, գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սունդուկները և մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ: Որից հետո, ըստ հավաքվածների, սկսվելու է ուրախ և երջանիկ կյանքը:
(Իմիջիայլոց, փաստեմ, որ, համենայնդեպս, 92-94 թվականներին, երբ ես էի նախագահականում, այնտեղ ոսկով լիքը սունդուկներ չկային՝ կային մարդիկ, ովքեր առաջին նախագահի գլխավորությամբ ազնվորեն ծառայում էին չնչին աշխատավարձի դիմաց):
Այդպիսին է Ազատության հրապարակում հավաքված արմատական ընտրազանգվածի կողմնորոշումը նաև այսօր: Պե՞տք է արդյոք «ենթարկվել ժողովրդի կամքին» և գնալ իշխանություն վերցնելու: Ինձ թվում է՝ ոչ: Բայց նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացած քաղաքական գործիչ պետք է այդ «ոչ»-ը ասի բարձրաձայն՝ հստակ, առանց որևէ մեկնաբանության տեղիք տալու:
Այդպես են վարվել, մասնավորապես, Ստեփան Դեմիրճյանը, որին շատ էին ծաղրում իր «սահմանադրական ճանապարհի» համար, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: («Մարտի 1-ը» այլ պատմություն է, որին հիմա չարժե անդրադառնալ): Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես, բնականաբար, չի ցանկանում, որ լինի որևէ բախում, այդ «ոչ»-ը հստակ չի ասում: Գուցե դա որոշակի անփորձությունից է: Համենայդեպս, արդիական է «Առավոտի» երեկվա հրապարակումներից մեկի վերնագիրը՝ «Կհետևի՞ ժողովրդին, թե՞ ժողովուրդն իրեն կհետևի»: