Unicode-ում առկա է միայն մեկ հայկական խորհրդանշան
Հայկական դրամի խորհրդանշանը առաջին և դեռևս միակ հայկական սիմվոլն է, որ առկա է Unicode-ում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Կոմենդարյանը, ով հանդիսանում է դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) հեղինակը: Նա հայկական դրամի խորհրդանշանը ստեղծել է 1995 թ. սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։
«Մենք ունենք հարյուրավոր հայական սիմվոլներ՝ կենաց ծառ, հավերժության նշան և այլն: Հաշվի առնելով, որ ներկայում բոլոր տպագրական աշխատանքները կատարվում են համակարգիչով, ապա անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի հայկական խորհրդանշանները լինեն նաև համացանցում»,- ասաց Կ. Կոմենդարյանը՝ նշելով, որ հայկական սիմվոլները Unicode-ում ներառելը կարևոր է նաև այն առումով, որպեսզի մարդիկ օգտագործեն դրանք և պահպանենք մեր սիմվոլների կիրառությունը նաև ապագա սերունդների համար: Դրամի խորհրդանշանի հեղինակը ասում է, որ օրինակ մեր հարևանների խորհրադանշանների ցանկում հաճախ նկատում է նմանատիպ նշաններ, որոնք իհարկե դժվար է կտրուկ ասել, որ գողացել են մեզնից, քանի որ դարերի ընթացքում հնարավոր է իրենք էլ են օգտվել այդ ամենից, սակայն անհրաժեշտ է, մերը գրանցել և ներկայցնել համակարգչային լայն կիրառության համար:
«Unicode-ում կարելի է հանդիպել տարբեր ազգերի խորհրդանշանների, սա խայտառակ իրավիճակ է, հայկականը ընդամենը մեկն է»,- ասաց Կ. Կոմենդարյանը: Նրա խոսքով՝ մենք արդեն անցել ենք նմանատիպ մի գործընթաց, գրանցելով դրամի խոհրդանշանը համացանցում, ուստի կարող ենք արդեն նաև այլ խորհրդանշանները հեշտությամբ գրանցել Unicode-ում:
Տեղեկացնենք, որ 2007 թ. հեղինակի խնդրանքով Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում է լրացում Հայկական խորհրդանիշի աղյուսակում և փոխարինում է «դրամի խորհրդանիշ» բառերը նրա հաստատված գրաֆիկական նշանով։ 2010 թ.-ից հեղինակը և Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում են համատեղ աշխատանք, որի նպատակն է հաստատել հայկական դրամի խորհրդանշանը Unicode միջազգային ստանդարտում։ 2011 թ-ի հունիսի 15-ին Unicode Technical Committee (UTC) նշանակում է դրամի նշանի համար 058F կոդը, իսկ 2012 թվականին դրամի նշանը վերջնական հաստատվում է Unicode և ISO ստանդարտներում: