Տիգրան Հայրապետյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ
Այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հայրապետյանի մահվան փաստով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Տերյան փողոցում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Տ. Հայրապետյանը կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ շտապօգնության բրիգադը Տերյան փողոցից երիտասարդին տեղափոխում էր հիվանդանոց, նա ճանապարհին մահանում է։
Տ. Հայրապետյանը սովորում էր Երևանի Տնտեսագիտական (Ժողինստիտուտ) համալսարանում։
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունն արդեն պարզել է դեպքի որոշ մանրամասներ, ունի որոշ մասնակիցների տվյալները և ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական ու քննչական համալիր միջոցառումներ՝ հայտնաբերելու կռվի մասնակիցներին։