«Սևան ազգային պարկ»-ի գործով դատապարտվեց նաև կադաստրի կառույցի ղեկավարը
«Սևան ազգային պարկ»-ի հողամասերի պետական գրանցման գործընթացներում զանգվածային բնույթ կրող չարաշահումների համար 1999 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ը Կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի 4 ամիս ժամկետով: Նա դատավճռով 2 տարի ժամկետով զրկվել է նաև պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք, առաջադրված մեղադրանքում:
Ըստ մեղադրանքի, նա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի պետական գրանցման գործընթացում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները: Ավելին, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, տևական ժամանակ` 2005-2009 թվականներին, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Կադաստրի պաշտոնյան նաև անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկատվություններ, հետին ամսաթվով գրառումներ է կատարել, կեղծ փաստաթղթեր կազմել և տրամադրել, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում առանց գույքի գրանցման անօրինական կարգով անշարժ գույքի գրանցման (վարձակալության և կառուցապատման) վկայականներ տրամադրելով, տրամադրված վկայականների տվյալները համապատասխան մատյաններում չներառելու միջոցով ու այլ անօրինական եղանակներով, մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ, որով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս է պատճառել պետական և հասարակության օրինական շահերին: Դա արտահայտվել է «Սևան» ազգային պարկի որպես բնության հատուկ պահպանվող օբյեկտի, հողատարածքների օգտագործման, տիրապետման, պահպանման, վերականգնման ու վերարտադրության, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի տևական և կոպիտ խախտումներով:
Ամբաստանյալն, ի դեպ, ընդունել է մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ. միջնորդությունը բավարարվել է:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական կեղծիքի դրվագներն ընդհանուր առմամբ մեկ տասնյակից ավելին են:
Այսպես, Էդիկ Առաքելյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության իրավունքների գրանցման գործընթացում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները` առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման գրանցել է քաղաքացի Ռուդիկ Ավետիսյանի` Սևան թերակղզում գտնվող 1500քմ. Հողատարածքի, «Բյութի Ռոզալի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 0.25 հա հողատարածքի, «Փայ Լուզ» ՍՊ ընկերության 1.0 հա հողամասի, քաղաքացի Համլետ Պետրոսյանի «Սիսուան» ռեստորանի հարևանությամբ գտնվող 0.3 հա հողատարածքի, քաղաքացի Վեներա Իվանյանի` 0.1 հա հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքը:
Բացի այդ, Կադաստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն նաև կատարել է պաշտոնեական կեղծիքի մի շարք գործողություններ: Այսպես, առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու՝ հաստատել է քաղաքացի Հակոբ Քեհեյանի 0.19 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ համար:
Նա նաև առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու, հաստատել է «Սիսուան» ՍՊ ընկերության կողմից Սևան-Դիլիջան ավտոճանապարի հարավային հատվածում գտնվող 0.63 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու, հաստատել է «Գա-Բեջ» ՍՊ ընկերության 0.36 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշվել է ակնհայտ կեղծ համար: Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին դիմումի, անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցվել է «Արթեմ» ՍՊ ընկերության 0.64 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը: Առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Էդիկ Առաքելյանը հաստատել է «Բյութի Ռոզալի» ՍՊ ընկերության 0.25 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել ակնհայտ կեղծ համար: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու, հաստատել է քաղաքացի Արարատ Մարտիրոսյանի 0.13 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի համար նշվել է ակնհայտ կեղծ համար: Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, հաստատել է քաղաքացի Հակոբ Քեհեյանի 0.1 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, հաստատել է քաղաքացի Անուշ Խաչատրյանի 0.1 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ համար:
Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գրանցման համարը հիմք հանդիսացած դիմումի հաշվառման և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, հաստատել է «Դամառ» ՓԲ ընկերության Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածում գտնվող 1.42 հա հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ համար:
Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցել է «Կարեն» արտադրական կոպերատիվ Նորաշեն-Ծովազարդ համայնքների վարչական սահմանների հարևանությամբ գտնվող 1.5 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու, հաստատել է քաղաքացի Արա Սմբատյանին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ հատցածում գտնվող 10.3 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել ակնհայտ կեղծ համար: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու, լրացրել ու տրամադրել է Հայրապետ Դավոյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Վիկտորիա Պետրոսյանի, Նորիկ Մուրադյանի, Աղասի Արզիևի, «Գագիկ-Կարեն» ՍՊ, «Ծիլ Քարեր» ՍՊ և «Կարկոմավտո» ՍՊ ընկերությունների անվամբ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանա լճի ափամերձ տարբեր հատվածներում կառուցապատման իրավունքի փաստը հաստատող վկայականներ։
Վերջերս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ նույնպես դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, դատավճռով դատապարտվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք և դատապարտվել երեքուկես տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման կիրառմամբ նշանակված պատիժը կրճատվել է մեկ երրորդով։ Հաշվարկը պետք է կատարվի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Դատավճռով նա զրկվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով։
Սոնա Մաշուրյան