Բաժիններ՝

Ազգանունը հզոր բրենդ է ողջ աշխարհում (լուսանկարներ)

Zildjian ստորագրությունը հայտնի լոգո է երաժշտական աշխարհում, և չկա մի երաժիշտ, որ չճանաչի այն: Թմբկահարների աշխարհում, որտեղ անվերջանալի երևակայության, երկարատև աշխատանքի և անսահմանափակ տաղանդի շնորհիվ ցնցող ռիթմեր են ծնվում, Zildjian ստորագրությունը մի ամբողջ երաժշտական պատմություն ստեղծեց:

Avedis Zildjian Co.՝ այսպես է կոչվում աշխարհի ամենահայտնի, ամենահարուստ և ամենաերկարակյաց ընկերությունը, որը զբաղվում է ծնծղաների, թմբուկների փայտիկների և թմբկահարների համար այլ անհրաժեշտ պարագաների արտադրությամբ: Ծնծղաները, որոնք այսօր ջազ և ռոք երաժշտության մեջ շատ հաճախ են գործածվում, առաջին անգամ հայտնվել են Արևելքում, մասնավորապես՝ Օսմանյան Թուրքիայում: Թուրքերը ծնծղաներն ու թմբուկներն օգտագործել են պատերազմներում և տոնական արարողությունների ժամանակ: Դեռ դարեր առաջ դժվար թե մարդիկ պատկերացնեին, որ այսօր ծնծղաները դառնալու են ռոք և ջազ երաժշտության հիմնական գործիքները: Ավելին` դժվար թե մեկի մտքով անցներ, որ ծնծղաների պատրաստման խոշոր բիզնեսի հեղինակը լինելու է ազգությամբ հայ մի մարդ:

Չորս դարի պատմություն ունեցող ծնծղաների արտադրության հիմնադրի անունը Ավետիս է. Ավետիս Զիլջյանն ապրել է 17-րդ դարում, Թուրքիայում՝ Կոնստանտինոպոլսում, և, ինչպես արդեն հասկացաք` ազգությամբ հայ է եղել: Նրա հայրը` Քերոբ Զիլջյանը, Թուրքիայի սուլթանի համար տարբեր մետաղներից ձուլվածքներ էր պատրաստում: Ավետիսն այդ ժամանակ որոշեց դառնալ ալքիմիկոս և այդ նույն մետաղներից ստեղծել ոսկի: «Ոսկին» ստացվեց անագի և պղնձի ձուլումից։ Այն ուժգին ձայն հանող մի գործիք էր, որը դարեր հետո դարձավ Զիլջյանների գերդաստանի բիզնեսը: Սուլթանին դուր եկավ Ավետիսի ստեղծագործությունը, և նրան 80 ոսկի ընծայեց: Սուլթանի առաջարկով Ավետիսն իր ազգանունը դարձրեց Զիլջյան. թուրքերեն «զիլ» բառը նշանակում է՝ ծնծղա, իսկ «զիլջի»` ծնծղա պատրաստող: Այս արմատին ավելացնելով իր հայկական տոհմի ազգանվան «յան» վերջածանցը՝ Ավետիսն իրեն անվանեց Զիլջյան:

1623թ. Ավետիսը Կոնստանտինոպոլսում հիմնեց ծնծղաների արտադրությունը: Դարեր շարունակ ծնծղաների արտադրման գործընթացը գաղտնիք էր և ընտանեկան ավանդույթի համաձայն՝ այդ գաղտնիքը բացվում էր միայն արտադրության ղեկավարի ավագ որդուն: Օսմանյան Կայսրության զինվորական նվագախումբը օգտվում էր միայն Զիլջյանների արտադրանքից: 18-րդ դարում հայկական արտադրության ծնծղաները մուտք գործեցին Եվրոպայի թագավորական պալատներ, ավելի ուշ հանրահայտ կոմպոզիտորները (Մոցարտ, Վագներ, Գլինկա և այլք) իրենց ստեղծագործություններում ընդգրկեցին այս հրաշալի գործիքը: 1851թ. Ավետիս Զիլջյան Երկրորդն անձամբ էր գովազդում իր տոհմական արտադրանքը Եվրոպայում` մասնակցելով միջազգային տարբեր ցուցադրությունների: Արտադրության հաջորդ ղեկավարը Քերոբ Զիլջյանն էր, ով Թուրքիայում հիմնեց K. Zildjian Constantinople ընկերությունը:

Ավետիս Զիլջյանի հետևորդները մինչև 20-րդ դար հանգիստ ապրել և իրենց բիզնեսով են զբաղվել, սակայն 1900-ականների սկզբներին երկրում տիրող քաղաքական և ազգայնական լարվածությունները Ավետիս Զիլջյան Երրորդին` Քերոբի զարմիկին, ստիպեցին լքել Կոնստանտինոպոլսն ու գաղթել ԱՄՆ: Քերոբը, սակայն, մնաց Թուրքիայում՝ զարգացնելով K. Zildjian Constantinople ընկերությունը: Երբ 1923թ.-ին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը և Կոնստանտինոպոլսը պաշտոնապես վերանվանվեց Ստամբուլ, ընկերության անվանումը փոխվեց՝ K. Zildjian Istambul: 1929-ին Ավետիս Երրորդը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում հիմնեց Avedis Zildjian Co.-ն, որը մինչ օրս գործում է և համարվում է աշխարհի թիվ 1 ծնծղա արտադրող ընկերությունը: Զիլջյանների ծնծղաների ցանցը, փաստորեն, ընդլայնվում էր: Որոշ ժամանակ անց, սակայն, Քերոբ և Ավետիս եղբայրները դարձան միմյանց համար լուրջ մրցակիցներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Avedis Zildjian Co.-ն երկրի զինվորական նվագախմբի համար ծնծղաներ պատրաստելու պետական պատվեր ստացավ: Պատվերների քանակն անսահմանափակ էր և շատ շուտով Zildjian բրենդը ձևավորվեց: Ավետիսը հայտնի դարձավ երաժշտական այս աշխարհում՝ որպես նորարար. նրա նորամուծություններից ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ նա ծնծղաներին անուններ տվեց` բնութագրելով դրանցից դուրս եկող ձայնի որակը (Ride, Crash, Splash, Hi-Hat, Sizzle ): Ծնծղաները պատրաստվում էին և՛ ավտոմատ ճանապարհով, և՛ ձեռքով, սակայն Zildjian-ի ձեռքի վերջին աշխատանքը եղել է 1964թ.-ին, որն էլ պատրաստվել է հանրահայտ «Բիթըլզ» խմբի թմբկահար Ռինգո Սթարի համար:

Արտադրական պրոցեսն ընկերությունը կիսել էր երկու գործարանների միջև. մեկում մետաղները ձուլվում էին, իսկ մյուսում՝ ձուլվածքին տրվում էր վերջնական տեսք: Ավելի ուշ այս արտադրությունն իր արմատները ձգեց նաև Կանադայում՝ տոհմի մեկ այլ անդամի՝ Ավետիս Երրորդի կրտսեր որդու՝ Ռոբերտ Զիլջյանի ջանքերի շնորհիվ: Զիլջյանների տոհմն այստեղ հիմնեց Azco գործարանը, որը 1968-70թթ. արտադրում էր Zilco կոչվող ծնծղաները:

1975թ. Թուրքիայում արտադրվող K. Zildjian պիտակով ծնծղաների արտադրության մեջ խնդիրներ ծագեցին, սակայն Ռոբերտին հաջողվեց այնպիսի քայլեր ձեռնարկել, որը մեծ ձեռքբերումներ բերեց. K. Zildjian-ը միացավ Avedis Zildjian Co.-ին: Արդեն իսկ ամբողջ աշխարհում ծնծղաների ստեղծման մենաշնորհը Զիլջյաններինն էր:

Ավետիս Երրորդը Զիլջյանների տոհմական ավանդույթը խախտեց և ծնծղաների արտադրման գաղտնիքը բացեց իր երկու որդիներին՝ Ռոբերտ և Արմանդ Զիլջյաններին: Թերևս սա ամենամեծ սխալն էր, քանզի հենց այս պատճառով Zildjian ընկերությունը հետագայում բազմաթիվ ներքին խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պառակտվեց:

1982թ.-ին, հոր` Ավետիս Երրորդի մահից հետո, եղբայրները համաձայնության եկան, որ տոհմական ընկերությունը` Avedis Zildjian Co.-ն, պետք է ղեկավարի ավագ որդին` Արմանդը: Ռոբերտը որոշեց թողնել ընտանեկան բիզնեսը և ստեղծել սեփականը, որը նույնպես պետք է զբաղվեր ծնծղաների արտադրությամբ: Նա թողեց ԱՄՆ-ը և Կանադայում արդեն իսկ Զիլջյանների գերդաստանի կողմից ստեղծված արտադրության մեջ հիմնեց Sabian ընկերությունը, որ հետագայում դարձավ Zildjian հանրահայտ բրենդի լուրջ մրցակիցը: Երկու եղբայրներն էլ փորձում էին ամեն գնով դառնալ ծնծղա արտադրող թիվ 1 ընկերությունը, գրավել հանրահայտ երաժիշտների ուշադրությունը, և յուրաքանչյուրի նպատակն էր՝ ապացուցել` «լավագույնը հենց ես եմ»: Անիմաստ է թվարկել այն երաժիշտների անունները, ովքեր այսօր օգտվում են այս երկու ընկերությունների արտադրանքից: Կառանձնացնենք միայն մեր հայրենակից Ջեյքոբ Արմենին, ում բոլոր ծնծղաները Zildjian ընկերության արտադրանքն են:

«Sabian-ն իմ երեխան է,- ասում է Ռոբերտ Զիլջյանը,- Ես այն կազմել եմ իմ երեխաների անունների առաջին վանկերից (Sally, Bill, Andy)»: Sabian-ը տարեկան ավելի քան 900.000 կտոր արտադրանք ունի, սակայն մասնագետների հավաստմամբ` Zildjian-ի տարեկան եկամուտն անհամեմատ գերազանցում է մրցակցինին: Avedis Zildjian Co.-ն ավելի է ընդլայնել իր բիզնեսը և արդեն չի բավարարվում միայն ծնծղաների արտադրությամբ. այստեղ ձուլվում են նաև թմբկահարների փայտիկներ և այլ պարագաներ: Ի դեպ, նորամուծություններից մեկն էլ այն է, որ, Արմանդի խորհրդով, արտադրությունը դասակարգեց ծնծղաները և հայտնի երաժիշտների համար առանձին մի շարք ստեղծեց` «Artist Series»: Արմանդը տոհմական այս ընկերությունը ղեկավարեց մինչև 2002թ.: Նրա մահից հետո արտադրությունը ժառանգվեց նրա դուստրերին՝ Քրեյգիին և Դեբիին: Քրեյգի Զիլջյանն այսօր այս հզոր ընկերության ղեկավարն է և առաջին կինը, ում վստահվեց ընտանեկան բիզնեսը:

«Փաստորեն, Զիլջյանների բիզնեսի ղեկավարումը հաջորդող տարիներին վստահվելու է միմիայն մեր տոհմի կանանց, քանզի ես ինքս ունեմ մեկ դուստր` Սամանթան, իսկ քույրս` երկու դուստր: Ի դեպ, երեքն էլ հետաքրքրված են ընտանեկան բիզնեսով, իսկ իմ դուստրը մեր ազգի միակ մարդը եղավ, որ ցանկություն հայտնեց ծնծղաների վրա նվագել»,- հարցազրույցներից մեկում ասել է չորսդարյա պատմություն ունեցող ընկերության ներկայիս ղեկավար, աշխարհի 100 բիզնես-լեդիների ցանկում իր հաստատուն տեղը զբաղեցնող գործարար կին Քրեյգին:

Այսօր այս հզոր տոհմի հետնորդները` Ռոբերտի և Արմանդի երեխաները, ոչ մի կապ չունեն միմյանց հետ: «Ես ցավում եմ, որ այդպես ստացվեց,- մի առիթով ասել էր Ռոբերտ Զիլջյանը` Sabian ընկերության նախագահը: – Շնորհակալ եմ ճակատագրից գոնե այնքանով, որ եղբորս մահվանից երկու տարի առաջ կարողացա խոսել հետը»:

Avedis Zildjian Co.-ն այսօր հովանավորում է երաժշտական բազմաթիվ դպրոցներ: Ունի կրթական ծրագրեր ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում, հատուկ կրթաթոշակներ է սահմանել: 1998թ.-ից մինչև այսօր Քրեյգիի նախաձեռնությամբ ստեղծվել և գործում է Ամերիկյան թմբկահարների ձեռքբերումների մրցանակաբաշխությունը (American Drummers Achievement Awards)՝ նվիրված Avedis Zildjian Co.-ի պատվին:

2013թ. մարտի 28-ին 89 տարեկան հասակում քաղցկեղից մահացավ Ռոբերտ Զիլջյանը (Robert “RZ” Zildjian):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս