Բաժիններ՝

Ճոճվող լվացքի ֆոնին՝ ժամանակակից արվեստի թանգարան

Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում են Գառզուի ստեղծագործությունները, որոնք հեղինակն անձամբ նվիրել էր թանգարանին, և դրանք, ի թիվս այլ արժեքավոր հավաքածուների, պահվում էին թանգարանի ֆոնդում: Որքան էլ ցավալի է, բայց, Հայաստան այցելող զբոսաշրջիկներից բացի, Ժամանակակից արվեստի թանգարանի տեղը չգիտեն մինչև անգամ հայաստանցիները: Տուրիստական կազմակերպություններն իրենց տուրփաթեթներում ընդգրկում են Ազգային պատկերասրահ, Մատենադարան, Ցեղասպանության թանգարան՝ օտարերկրյա հյուրերի այցելությունները, բայց ոչ երբեք` Ժամանակակից արվեստի թանգարան: Մեր թերթի նախորդ համարում ընդգծել էինք, որ Հայաստան այցելող պաշտոնական հյուրերին մեր իշխանավորները երբեք չեն ուղեկցում Ժամանակակից արվեստի թանգարան: Եվ դա «արդարացված է» այն պարզ պատճառով, որ անհարմար է հյուրերին ներկայացնել Հայաստանի ժամանակակից արվեստը մի տարածքում, որը գտնվում է բարձրահարկ շենքի առաջին հարկում, և, որի ճակատային մասից կախված է վերնահարկի բնակիչների բազմագույն ներքնաշորերով լվացքը: Ի դեպ, վերջերս տպագրվել էր Հայաստանի թանգարանների մասին մի տեղեկատվական գիրք, որտեղ վերոնշյալ թանգարանի լուսանկարը տպագրել էին լվացքի պարանի ռակուրսով:

tang-4 tang-1 tang-2 tang-3

Տասնյակ տարի չջեռուցվող սրահում այս ձմեռ Երևանի քաղաքապետարանը փորձեց ջեռուցման խնդիր լուծել: Բայց ինչպես միշտ՝ դա արեց ամենաէժան տարբերակով: Թանգարանի՝ առանց այդ էլ փոքր պատերին կախված էքսպոնատների կողքին հիմա նաև ցուցադրվում են շենքի ջեռուցումն ապահովող հավանաբար թուրքական, ամենաէժան սարքերը: Սա` այն դեպքում, երբ կարելի էր լոկալ ջեռուցման համակարգի միջոցով աննկատ ջեռուցել տարածքը:

Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանը գեղարվեստական աննկարագրելի մեծ արժեք ներկայացնող ստեղծագործությունների հավաքածուներ ունի: Թանգարանի ֆոնդերում պահպանվող շատ հեղինակների գործեր երբեք չեն ցուցադրվել, քանի որ տարածքն ինքնին թույլ չի տալիս ներկայացնել ժամանակակից արվեստի ողջ «ինֆորմացիան»: Ի դեպ, թանգարանի կենտրոնական սրահում մշտական ցուցադրության են ներկայացված Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Գառզուի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Պոդպոմոգովի, Գրիգոր Միքայելյանի (Քիքի), Վահան Ռումելյանի, Արթուր Սարգսյանի և շատ այլ ժամանակակից նկարիչների գործեր, որոնցից ամեն մեկը մի մեծ պատ է պահանջում, բայց փոքր տարածքի պատճառով` այդ հանճարեղ գործերն իրար «խեղդում» են: Թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը վստահեցնում է, որ ֆոնդերում շատ արժեքավոր ստեղծագործություններ կան, որոնք, թեև մշտական ցուցադրության արժանի են, բայց տարածքը թույլ չի տալիս դա անել: «Ստիպված ենք լինում որոշ գործեր հանել, որ նոր նկար կախենք: Փորձում ենք անընդհատ ինչ-որ բան պակասեցնելու հաշվին նոր նկար ցուցադրել: Հենրիկ Իգիթյանն ամեն անգամ այլ երկրներից վերադառնալիս` շրջում էր թանգարանով ու ասում էր՝ մենք այնպիսի կոլեկցիա ունենք, որ ոչ մի երկիր չունի, բայց մենք շենք չունենք: Մեզ մոտ երիտասարդ հեղինակների կտավներ կան, որոնցից ամեն մեկը մի պատ է պահանջում, բայց ստիպված ենք դրանց կողքին կախել ուրիշ նկարներ: Քանի որ պատերը փոքր են, նաև ճիշտ էքսպոզիցիա անելու խնդիր է առաջանում, իսկ օրինակ՝ դրսի թանգարաններում կիլոմետրեր կազմող տարածքում կարող է ընդամենը մեկ գործ ներկայացվել»,- ասում է Զ. Այրումյանը: Անցյալ տարի Ժամանակակից արվեստի թանգարանը դարձավ 40 տարեկան, բայց 40 տարվա պատմություն ունեցող այս թանգարանի մասին մի ամբողջ սերունդ պատկերացում չունի: «27 տարի ես թանգարանում եմ աշխատում: Սովետի տարիներին այս թանգարան ակտիվ այցելող հատուկ կոնտինգենտ կար, ովքեր գիտեին բոլոր նկարիչներին, Իգիթյանին: Ժամանակ առ ժամանակ գալիս էին իրենց տպավորությունները թարմացնելու: Հաճախ հյուրեր էին բերում և հպարտանում էին թանգարանով, ներկայացված աշխատանքներով: Այն ժամանակ գոյություն ուներ «Սպուտնիկ» տուրիստական կազմակերպությունը, որն ամեն օր երկու ավտոբուսով տուրիստներ էր բերում, ինչպես նաև «Ինտուրիստն» էր ավտոբուսներով հյուրեր բերում թանգարան: Հիմա չկա նման երևույթ: Կազմակերպված տուրիզմ չկա, իսկ տուրիստական կազմակերպությունները, հյուրանոցները, թեև ամեն օր զանգահարում, թանգարանի տվյալները ճշտում են, այնուամենայնիվ, զբոսաշրջիկներ չեն բերում: Պատահական անցորդները կարող են մտնել, նայել»,- վստահեցնում է թանգարանի փոխտնօրենն, այնուամենայնիվ, ընդգծելով, որ վերջին շրջանում, մասնավորապես` երիտասարդների կողմից այցելությունները թանգարան ակտիվացել են: Ի դեպ, շատերը «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում են բացահայտել Ժամանակակից արվեստի թանգարանի տեղը: «Թանգարանի տեղն ու փոքր, անհարմարավետ շենքը մեր ցավն ու խնդիրն է: Մեր հարուստ կոլեկցիան ցուցադրելու հնարավորություն չունենք, որն իսկապես արժանի է հասարակության ուշադրությանը ներկայացնելու: Դեռ Հենրիկ Իգիթյանի օրոք այդ հարցը դրված էր: Նա նույնիսկ ասում էր՝ եթե ինձ շենք չեք ուզում տրամադրել, ապա թանգարանին շենք տվեք, ես կհեռանամ, բայց ոչ մի արդյունք: Մենք հիմա շատ սեղմված վիճակում ենք: Ստիպված մի գործ հանում ենք՝ մյուսն ենք կախում, իսկ նկարիչները, ովքեր ողջ են, նեղանում են, երբ իրենց նկարը հանվում է: Մենք նկար կախելու տեղ չունենք: Հիմա ցուցահանդեսներ ենք նախաձեռնում մեր ֆոնդերից, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ ժամանակակից արվեստի գործերին»,- ասում է նա։
Քաղաքային իշխանությունները վերջին տասը տարիների ընթացքում ամեն տարի խոստանում են նոր շենք տրամադրել Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանին: Նոր շենքի տրամադրումն իրականում կարժենա նույնքան, որքան մեր չինովնիկների կամ օլիգարխների առանձնատներն են: Թանգարանը բավականին հարուստ կոլեկցիա ունի, և մեր հասարակությունն իրավունք ունի այն տեսնելու: Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` լավ կլիներ, որ քաղաքապետի թեկնածուներից որևէ մեկը ասֆալտ «փռելու» փոխարեն` Ժամանակակից արվեստի թանգարան ոտք դներ ու ասեր՝ «Ես դա կանեմ»: Ի դեպ, Ժամանակակից արվեստի թանգարանի նախկին տնօրեն Հենրիկ Իգիթյանի մահվանից հետո թանգարանի խնդիրներով զբաղվում է նրա եղբայրը՝ ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը, ով, ինչպես հայտնի է՝ մշտապես բոլոր քաղաքապետերին սատարողներից է: Վերջերս անդրադառնալով Երևանի ավագանու չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքներին՝ նա ասել էր, որ ամենամեծ նվաճումը Ժամանակակից արվեստի թանգարանի ջեռուցման խնդրի լուծումն է: Ինչպես նշեցինք` թանգարանում ջեռուցման համակարգը դրվել է ամենափնթի ու գավառական մոտեցմամբ, որտեղ կտավի կողքին ցուցադրվում է նաև գազատար սարքը և խեղաթյուրվում է առհասարակ ցանկացած էքսպոզիցիայի գաղափար: Ժամանակակից արվեստի թանգարանը պետական սեփականություն է, և արժե հարգել մեր պետության մեջ ստեղծվող արվեստը՝ ցուցադրման կուլտուրայով հանդերձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս