Շարքայինը բռնության է ենթարկվել, իսկ հրամանատարի տեղակալն ու բուժկետի պետը թաքցրել են
Ժամկետային զինծառայողը բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ՝ սվին-դանակով հարվածելով նրան, իսկ հրամանատարի տեղակալն ու բուժկետի պետը տեղյակ լինելով թաքցրել են միջադեպը:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Համազասպ Վարդանյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություն է գործադրել շարքային Գեղամ Եփրեմյանի նկատմամբ և սվին-դանակով հարվածել վերջինիս աջ ազդրի շրջանին` պատճառելով առողջության թեթև վնաս:
Նույն զորամասի հաուբիցային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Արթուր Մկրտչյանը տեղեկանալով շարքայինի նկատմամբ կատարված բռնության մասին, ելնելով այլ շահագրգռվածությունից՝ թաքցրել է: Զորամասի բուժկետի պետ Լիլիթ Թարոյանն էլ դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել զորամասի հրամանատարությանը, ինչպես նաև գրառում չի կատարել բուժկետի համապատասխան մատյաններում:
Համազասպ Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Արթուր Մկրտչյանը և Լիլիթ Թարոյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ գործն արդեն դատարանի վարույթում է: