Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կշարունակվեն վաղը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի և միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև բանակցությունների այսօրվա երկրորդ նիստը:
Իրանական գործակալության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 14.45-ին մեկնարկած բանակցությունները տևել են 2 ժամ և 45 րոպե: Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել վաղը:
Հիշեցնենք, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին այսօրվա առաջին նիստի ավարտից հետո հայտարարել է, որ դրա ժամանակ Իրանն «Վեցյակին» է ներկայացրել իր միջուկային ծրագրի կարգավորման մասին առաջարկներ:
Իսկ Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին իր հերթին նկատել է, որ Ղազախստանում տարվող ներկայիս բանակցությունների ժամանակ «Վեցյակի» դիրքորոշումը դարձել է ավելի իրատեսական: Նա ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ մոտեցվել են մի շարք կետերի շուրջ կողմերի դիրքորոշումները: