«Facebook-ում գաղջ մթնոլորտ է». Տիգրան Քոչարյան
«Facebook-ում գաղջ, ահավոր տհաճ մթնոլորտ է տիրում՝ բոլոր իմաստներով: Այստեղ, եթե որևէ մեկը ինչ-որ մի մի միտք է արտահայտում ու, եթե Աստված չտա, այդ միտքը չհամընկնի այդ կատեգորիայի մարդկանց մտքերի հետ, սկսվում է ուղղակի վիրավորանքների շարան, և բացի վիրավորանքներից և հայհոյանքներից, տվյալ գրառման տակ ուրիշ մեկնաբանություններ հիմնականում չեն գրվում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (Pigh): Նրա խոսքով՝ ինտերնետ պատերազմներում դա ընդունված ձև է, ընդունված և աշխատող տեխնոլոգիա է, երբ, այսպես ասած՝ մասսայական հարձակումներով փորձում են հակառակորդին ուղղակի հավասարակշռությունից հանել և զզվեցնել այն աստիճանի, որ մարդն այլևս որևէ բան չգրի և որևէ միտք չարտահայտի:
«Այդ ամենի արդյունքում, բազմաթիվ նորմալ մարդիկ, որոնք ժամանակին շատ ակտիվ էին Facebook-ում և շատ հետաքրքիր մտքեր էին արտահայտում կամ քննարկումների էին մասնակցում, ուղղակի դուրս են գալիս Facebook-ից, որովհետև ամեն մեկի նյարդային համակարգը չի կարող դիմանալ այդ գրողներին և վիրավորանքներին»,- ասաց Փիղը՝ Տ. Քոչարյանը: Նրա խոսքով՝ Fake-աբուծությունը (Fake-կեղծիք, հորինվածք.- Լ.Մ.), այսինքն՝ կեղծ էջերի քանակը, երբ հիմնականում չգիտես, թե ում հետ գործ ունես, ևս տհաճություն է առաջացնում, թեև հիմնականում արդեն շատ Fake-երի հասցրել են ճանաչել, և գիտեն, թե ո՞վ՝ ո՞ր կուսակցությանն է պատկանում:
Ըստ Տ. Քոչարյանի՝ Facebook-ում նաև մի դրական միտում էլ է նկատվում. վերանում է Facebook-յան քվեարկություն գաղափարը, որը համացանցում՝ ինչպես սոցցանցերում, այնպես էլ տարբեր կայքերում, վերջին շրջանում սկսել էր ակտիվորեն տարածվել՝ նպատակ ունենալով ազդել մարդկանց դիրքորոշման և կարծիքի վրա:
«Ուրախ եմ, որ վերջապես այդ կեղծ քվեարկությունները կվերանան, քանի որ դրանք հիմնականում իրականությունը չեն արտահայտում: Բացի այդ, Facebook-ի ցուցանիշներն ինչ-որ շերտի կարծիքն է միայն, որոնք ունեն համակարգիչ և կարողանում են մտնել Facebook, սակայն դա ամբողջ Հայաստանը չի արտացոլում»,- ասաց Տ. Քոչարյանը:
Խոսելով սոցցանցերի, մասնավորապես՝ Facebook-ի՝ ընտրական գործընթացներում ունեցած դերակատարության մասին, Տ. Քոչարյանը նշեց, որ հիմա Facebook-ում որևէ մեկին որևէ բան ապացուցելն անհնար է, որովհետև ՀՀԿ-ի զանգվածը ՀՀԿ-ին է ընտրելու, ԲՀԿ-ինը՝ ԲՀԿ-ին, «Ժառանգությունը»՝ «Ժառանգությանը», և այդպես շարունակ: Ըստ մասնագետի՝ դրանում որևէ մեկին համոզելու ոչինչ չկա, իսկ միակ բանը, որ ներկայում Facebook-ում «աշխատում է»՝ ասպարեզ նետված սենսացիաներն են. «Որ մարդը կարդա և գնա իր հարևանին ասի՝ բա սա գիտեի՞ր, այդպիսի բան էլ կա…»:
«Ընտրությունները կատարվում են ռեալ կյանքում, ոչ թե Facebook-ում»,- ասաց Տ. Քոչարյանը՝ նշելով, որ սոցիալական ցանցում քարոզչության նոր մեկնարկը դեռևս չի սկսվել, այլ ուղղակի շարունակվում է այն քարոզչությունը, որը սկսվել էր դեռևս խորհրդարանական ընտրությունների ընթացքում, որն էլ հետո շարունակվեց նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ հիմա, ասես, քարոզչության վերջին փուլում ենք գտնվում:
Ըստ բանախոսի՝ թեև Facebook-ում դեռևս չի սկսվել Երևանի ավագանու ընտրությունների սպիտակ PR-ը, այսինքն՝ որևէ կուսակցություն, որևէ ծրագիր սոցցանցում հիմա դեռևս չի ներկայացնում, սակայն Facebook-ում սկսվել է սև PR-ը, ինչը բավական «գռեհկության և անդաստիարակության» չափերի է հասնում, իսկ նման սև PR անում են թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչները:
«Կարելի է տեսնել, օրինակ, որ ԲՀԿ-ն հիմա հիմնականում հարձակվում է իշխանական ինտելեկտուալ մասի վրա. սկզբում դա վարչապետն էր, հիմա՝ Կրթության և գիտության նախարարն է: Այսինքն, եթե հետևենք, թե Facebook-ում ի՞նչ է կատարվում, ապա կտեսնենք այդ հակառակ պատասխանները՝ ԲՀԿ-ՀՀԿ երիտասարդական լեզվակռիվը արդեն և՛ զվարճացնում է, և՛ նաև հոգնեցնում է»,- ասաց Տ. Քոչարյանը: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն, բացի Երևանի ավագանու ընտրություններին հաղթելուց, խնդիր ունի նաև ապացուցելու, որ «Ժառանգություն» կուսակցության, Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները նրա հավաքած ձայները չեն, այլ բողոքական ընդդիմադիր էլեկտորատի ձայներն են, իսկ դրա համար կարելի է տեսնել, որ բավականին ուժեղ ռեսուրս՝ և՛ մարդկային, և՛ ֆինանսական, ներդրված է սոցցանցում: Ըստ բանախոսի՝ ՀԱԿ-ը ևս «Ժառանգությանն» ինչ-որ բան ունի ապացուցելու, և այդ տեսանկյունից ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը դարձել են ոչ թե մրցակիցներ, այլ դաշնակիցներ և միմյանց օգնում են: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, թե ինչ կլինի այդ կուսակցության հետ, ըստ Տ. Քոչարյանի՝ պարզ կլինի ավագանու ընտրություններից հետո և Դաշնակցության հավաքած ձայների տոկոսից հետո:
«Հետաքրքիր ընտրություններ են լինելու, բայցև, իմ կարծիքով՝ մի քիչ էլ վտանգավոր, որովհետև բառապաշարը, որն օգտագործվում է, արդեն դուրս է եկել Facebook-ից և մտել է կայքեր: Շատ տհաճ երևույթ կարելի է նկատել, երբ քննարկում են ծրագիրը, ոչ թե քննարկվում է ապագան, այլ վիրավորում են թեկնածուին և անցել են արդեն ընտանիքի անդամներին: Կարծում եմ՝ Ոստիկանությունն այստեղ բավական շատ գործ կունենա անելու»,- ասաց Տ. Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա, ըստ բանախոսի, նա պետք է ապացուցի, որ Երևանում հավաքած իր այդ մոտ 40%-ն իր ձայներն են: Բացի այդ, նաև շատ կարևոր է պահել հրապարակը որքան հնարավոր է շատ, որովհետև հայկական քաղաքական իրականության մեջ՝ ով պահում է հրապարակը, ինքը հիմնական ընդդիմադիրն է հանդիսանում: «Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ապրիլի 9-ից հետո ինչ-որ պրոցես վերջանալու է հրապարակում»,- ասաց Տ. Քոչարյանը:
Նրա խոսքով՝ սոցցանցում ամենապասիվ քաղաքական ուժն ՕԵԿ-ն է, իսկ ամենաակտիվը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի խումբն է, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, գրեթե բոլորը:
«Facebook-ը շատ ունիկալ երևույթ է Հայաստանի համար, հասարակությունը թվայնացված է: Ես նաև ուսումնասիրում եմ և՛ ադրբեջանական, և՛ վրացական, և՛ ռուսական կայքերը, այսպիսի բան չեմ տեսել, որ ամենահաճախելի կայքերը լինեն այն կայքերը, որոնք ուղղակի Ֆեյսբուքի օգտատերերի ստատուսներն են վերցնում իրենց մոտ տեղադրում: Նման բան երևի միայն Հայաստանում է, ինչը շատ ունիկալ երևույթ է»,- ասաց Տ. Քոչարյանը: Նրա խոսքով՝ նույնիսկ Ռուսաստանում, որտեղ որևէ մեկը Twitter-ում կամ Facebook-ում ինչ-որ բան է գրում, որևէ կայքում չեն տեղադրում, այլ դրա հիման վրա վերլուծություն է արվում լրագրողի կողմից: Երկրորդ ունիկալ երևույթը, ըստ Տ. Քոչարյանի՝ այն է, որ Live stream-ով (ուղիղ հեռարձակմամբ) հավաքական դիտողներն ավելի շատ են, քան Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցող մարդիկ, ինչը ևս խոսում է Հայաստանի թվայնացված լինելու մասին:
Նա նշեց, նաև, որ Facebook-ն այսօր գեներացնում է բոլոր կայքերի տրաֆիկի 60-70 տոկոսը և եթե դու չկաս Facebook-ում, ապա դու չկաս ընդհանրապես, նաև քաղաքական կյանքում: