ՀՀ-ի ու Ադրբեջանի կառավարությունների պայմանավորվելու դեպքում ի՞նչպես իրենց հարաբերությունները կառուցեն ժողովուրդները. ադրբեջանցի գրող

Ռուսական Rosbalt լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի գրող, Մտավորականների ֆորումի առաջնորդներից Ռուստամ Իբրահիմբեկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին.

«Դժբախտաբար, Խորհրդային Միությունը փլուզվեց արագ, արհեստականորեն, ոչ բնական: Գործընթացը հիշեցրեց պայթյուն և ոչ թե պետությունների քաղաքակիրթ բաժանում: Նմանատիպ արագ բաժանումը չէր կարող չառաջացնել փոխադարձ հավակնություններ:

Օրինակ վերցնենք Հայաստանն ու Ադրբեջանը: Քանի դեռ մենք ապրում էինք մեկ պետության մեջ, եթե կային էլ ինչ-ինչ տարածքային հավակնություններ, ապա դրանք կրում էին ցանկություններիև ոչ թե ռազմական գործողությունների բնույթ: Հայաստանում կարծում էին, որ Ղարաբաղն իրենց տարածքն է, իսկ մենք կարծում էինք, որ մերն է:

Իմ կարծիքով՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու որոշումը հանցանք է՝ ուղղված երկու երկրների բնակչության և ընդհանրապես մարդկության դեմ: ԽՍՀՄ-ը երաշխավոր էր, որ հանրապետություններն ապրեն այն սահմաններում, որոնց շուրջ նրանք պայմանավորվել էին: ԽՍՀՄ-ի փլուզումը հանգեցրեց ցավալի հետևանքների:

21-րդ դարում անընդունելի են յուրաքանչյուր խնդրի լուծման բռնի մեթոդները: Այսօր ողջ աշխարհն այս կամ այն չափով ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Երկու հասարակությունները դժգոհ են ներկա իրավիճակից, ինչը հղի է ռազմական գործողությունների վերսկսման վտանգով, քանի որ խաղաղության բանակցությունները ցայժմ զգալի արդյունքներ չեն արձանագրել՝ չնայած կողմերի ջանքերին:

Հասարակ մարդկանց միջև անհրաժեշտ է փոխըմբռնում: Պաշտոնական քարոզչությունը միմյանց դեմ է տրամադրում ժողովուրդներին: Դա ամենասարսափելին է: Որոշ ժամանակ անց պետությունները կհաշտվեն, կառավարությունները կպայմանավորվեն, իսկ ժողովուրդների փոխհարաբերությունների կարգավորումը կընթանա շատ դանդաղ: Դա իներցիայով կարող է տևել տասնամյակներ:

Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը թշնամի չէ մեզ, նա տեղի ունեցած աղետի նույնպիսի զոհ է, ինչպիսն որ ադրբեջանցիները: Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, սակայն դա ոչ միայն տարածք է, այլև՝ բնակչություն՝ գերազանցապես հայ»:

Ադրբեջանում սվիններով են ընդունել Ռուստամ Իբրահիմբեկովի այս հարցազրույցը՝ նրան մեղադրելով «Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք անվանելու» մեջ:

Տեսանյութեր

Լրահոս