Պատահականությունները մի փոքր շատ են. Գարեգին Չուգասզյանը` Հրաչ Մուրադյանի սպանության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում կատարվեց մոմավառություն` ի հիշատակ Հրաչ Մուրադյանի: Մոմավառությանը ներկա էր նաև «Սարդարապատ» հասարակական շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը, ումից, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է նրան բերել Ազատության հրապարակ:

«Տեսնո՞ւմ եք այստեղ կանգնած երիտասարդությանը, տեսնո՞ւմ եք նրանց պաստառները, տեսնո՞ւմ եք` ինչպես է փոխվում մթնոլորտը: Այն, ինչ գրված է այս պաստառների վրա, դա է ինձ բերել հրապարակ»,- ի պատասխան՝ ասաց Գարեգին Չուգասզյանը:

Հարցին, թե Հրաչ Մուրադյանի սպանության մեջ տեսնո՞ւմ է քաղաքական աստառ, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչն այսպես պատասխանեց.

«Գիտեք, իմ կարծիքով` պատահականությունները մի փոքր շատ են, և մենք պետք է լրջանանք, պետք է հասկանանք, որ այդքան պատահականություններ միաժամանակ չեն լինում: Անկախ նրանից` ի՞նչ դրդապատճառներով է եղել այդ սպանությունը, մթնոլորտը, որում դա տեղի է ունենում,  ծնում է այնպիսի սրիկաներ, ովքեր դավադիր ձևով կրակում են այդպիսի մարդու վրա: Եվ վերանում է մարդու այն տեսակը, որը բացառիկ է, սա բացառիկ տեսակ է: Ինչո՞ւ պիտի այս մարդը մահանար, նոր ժողովուրդն իմանար, որ այսպիսի զավակ ունի: Ինչո՞ւ այսպիսի մարդկանց մասին ռեպորտաժներ չեն լինում, ինչո՞ւ պետք է նրանք հեռուստատեսությունից վտարված լինեն, և ամեն տեսակ հեգնանքով և հիմար կատակներով լցված լինի, երբ այսպիսի մարդիկ իրենց օրինակով մարդկանց դրդում են ամենայն լրջությամբ վերաբերվել իրենց կյանքի իմաստին, գոյությանը»:

Կարդացեք նաև

Չուգասզյանն ավելացրեց, որ այսպիսի արարողությամբ ժողովուրդը վերջապես ճանաչում է իր լավագույն զավակներին:

«Սա նաև ձև է՝ իրազեկելու քաղաքացիներին, որ այսպիսի քաղաքացի ունեն իրենց կողքին ապրող և, դժբախտաբար, մեզնից հեռացած»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ղեկավար, Դաշնակցության անդամ Հրաչ Մուրադյանը, ով Արցախյան ազատամարտի մասնակից էր, սպանվեց ապրիլի 2-ին` Պռոշյանի գյուղապետարանի առջև:

O O O O

Տեսանյութեր

Լրահոս